Որքան էլ նորաձևությունն անհավանական բաներ առաջարկի, որքան էլ ունիսեքս ոճի հագուստներ ստեղծվեն, կնոջ զգեստապահարանում կա մի բան, որ ստեղծման օրվանից հենց կնոջն է պատկանում: Հագուստի այդ տարրը կարող է նույնիսկ խելքահան անել  տղամարդկանց, գրեթե անփոխարինելի է կանանց համար, ովքեր կարող են չափսոսալ գումարը, միայն թե ձեռք բերեն իրենց հավանած նրբաճաշակ, գայթակղիչ կրծկալը: Առաջարկում եմ՝ միասին ծանոթանանք կանանց հագուստի անբաժանելի մաս փոքրիկ կրծկալի մեծ պատմությանը:

 

 

 

«Կրծկալամուտ» 

2012թ.-ին Ինսբրուկի համալսարանի ավստրիացի հնագետները ավստրիական Լենգբերգ ամրոցում հայտնաբերեցին կնոջ ներքնազգեստ: Առաջին հայացքից այդ սովորական գտածոները իրականում ապշեցրին բոլորին, քանի որ ունեին շուրջ 500 տարվա հնություն: Մինչ օրս համարվում էր, որ կրծկալի պատմությունն ունի առավելագույնը 120 տարվա պատմություն: Բացի դրանից, ըստ մասնագետների, հայտնաբերված չորս կրծկալներն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից նորաձևության պահանջներին:

Ստացվում է` առաջին տրեխները հագել են Հայաստանում, իսկ կրծկալը` Ավստրիայում, այն էլ այնպես, որ ոչ ոք չիմանար:

Սակայն սա դեռ ուսումնասիրության փուլում է, ուստի կրծկալի ծնունդը դեռ կվերագրենք 20-րդ դարին:

19-րդ դարում կանանց ներքնազգեստի պարտադիր «բաժին» էր սեղմիրանը` կորսետը: Դրա շնորհիվ բարձրացնում էին կուրծքը, ձգում գոտկատեղը և ընդգծում կոնքերը: Սեղմիրաններն իրենց ձևով նմանեցնում էին ավազե ժամացույցների: Սակայն գեղեցիկ արտաքինի հետ դրանք կնոջը զրկում էին շարժունակությունից, ազատությունից: Բացի դրանից` սեղմում էին թոքերը, կրծքերը, լյարդը… Նախորդ դարասկզբին այդ մասին սկսեցին բարձրաձայնել նաև բժիշկները, ու սեղմիրանի փոխարինող գտնելը դարձավ անհրաժեշտություն:

Կրծկալների ծնունդը համարվում է 1889թ., երբ ֆրանսիացի Հերմինե Կադոլը կորսետի իր արտադրամասում ստեղծեց կրծկալի նախատիպը: Ստեղծման պատմության հետ կապված գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի` Կադոլի հաճախորդուհիներից մեկը բողոքում է, որ սեղմիրանն իրեն խանգարում է թենիս խաղալիս: Ու Կադոլն առանց երկար մտածելու` հենց այդ պահին մկրատով կտրում է սեղմիրանի ներքևի մասը` առանց հասկանալու, որ ստեղծում է կանանց ներքնազգեստի նոր տեսակ:

Կրծկալների ձևավորման վերջին փուլն ընդունված է անվանել ռուսական: Այդ երկրից ԱՄՆ ներգաղթած Իդա Ռոզենտալն իր ամուսնու հետ ուսումնասիրում է կանանց կրծքերի մեծությունն ու ստեղծում կրծկալների հստակ չափսեր: Նրանք պատրաստում են նաև կերակրող մայրերի համար նախատեսված կրծկալներ:

 

 Սեղմիրանի համեմատությամբ կրծկալն ուղղակի փրկօղակ էր ներքին օրգանների համար, սակայն ժամանակակից բժշկությունը երբեմն շատ վատ է արտահայտվում նաև այդ ներքնազգեստի մասին: Օրինակ` հավայան փորձագետները եկել են այն եզրահանգման, որ օրական 12 ժամից ավել կրծկալ հագնողներն ավելի քան 20 անգամ մեծացնում են կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Նրանք նաև ուշադրության են արժանացնում այն փաստը, որ աֆրիկյան և ասիական տարածաշրջանում կանանց մեջ  ավելի հազվադեպ է գրանցվում կրծքագեղձի քաղցկեղ, քան կրծկալի սիրահարներ ամերիկացիների ու եվրոպացիների մեջ:

Դրան հակառակ` ամերիկացի փարձագետները համոզված են, որ կրծկալին հրաժարվել  ուղղակի հնարավոր չէ, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստեղծել կրծկալների ՙիրավահաջորդին՚: Իսկ առանց կրծկալի կյանքն ունի ավելի շատ բացասական կողմեր: Բացի անհարմարությունից` կրծկալի չօգտագործումը կարող է կրծքերի դեֆորմացման պատճառ դառնալ: Հենց դրա համար էլ 2-րդ համարից մեծ կրծքեր ունեցողներին բժիշկները խորհուրդ են տալիս երբեք չհրաժարվել կրծկալի գործածությունից: Իսկ մարզասրահներում երկար ժամանակ անցկացնողներին անհրաժեշտ են հատուկ սպորտային կրծկալներ:

 

 

Աֆրիկյան «կրծքակապեր» 

Դեռ 1847թ., երբ Պատեր Շուլմանն անցնում էր Արևելյան Աֆրիկայով, նկատեց, որ տեղի կանայք հատուկ թելերով կապում են կրծքերը: Տեղացիները բացատրեցին, որ նախկինում աշխատելիս կրծքերը շարժվում էին, ինչից էլ տղամարդիկ «բոցավառվում» էին, իսկ իրենք չեն ուզում ավելորդ խնդիրներ ունենալ:

Այդ օրվանից շատ ջրեր են հոսել, և կանայք իրենց զգեստապահարանն առանց դրա այսօր հավանաբար չեն էլ պատկերացնում: Ասում են` հենց միայն կրծկալը գրգռում է տղամարդկանց: Վերջերս կարդում էի դրա հետ կապված տարբեր հոգեբանների կարծիքներ. նրանք համոզված են, որ կրծկալի բացակայությունը նյարդայնացնում է  տղամարդուն: Մեր ենթագիտակցության մեջ գրանցված է, որ այն կնոջ հագից հանելը հենց տղամարդկանցս մենաշնորհն է: Հետևաբար և ոչ ոք իրավունք չունի մեզ փոխարինել:

 

Կրծքերի նորաձևություն կամ ժամանակի ազդեցությունը կրծկալների վրա

20-րդ դարի սկզբին սեղմիրանը մոտ 10 տարվա համառ պայքարից հետո գահը զիջեց կրծկալին: Այդ օրից նորաձևության աթոռին գահակալել են ֆիզիկական տարբեր հատկանիշներով կրծկալներ:

20-րդ դարի 20-ականներին նորաձև էր համարվում «ա-լյա գաղսոն» ոճը: Նորաձև կինը պետք է ունենար տղայական սանրվածք և չունենար կուրծք: Անկուրծք մարմինն ապահովվում էր հատուկ ամուր կրծկալների շնորհիվ: Այդ ոճի այսօրվա ամենահայտնի կրողը Կիրա Նայթլին է:

50-ականներին գեղեցկության մարմնավորում դարձավ Մերիլին Մոնրոն, ով սկսեց հիշեցնել մարդ արարածիս, որ կինն ունի նաև կուրծք: Դրանից հետո նորաձևությունը սկսեց կենտրոնանալ մեծ կոնքերի ու փարթամ կրծքերի վրա: Այս փուլում էլ ստեղծվեցին կրծերը մեծացնող կրծկալները:

Կրծկալների 3-րդ դինաստիայի սկիզբը դրվեց 1970-ականներին: Այդ տարիներն իրենց հետ բերեցին սեքսուալ ազատություն: Վերջապես թույլատրվեց կանանց ներքնազգեստի գովազդը, որից հետո էլ Իվ Սեն Լորանը, Ջանի Վերսաչեն և այլոք սկսեցին մշակել կրծկալների իրենց հավաքածուները:

 

1994թ.-ին հանրությանը ներկայացվեց կրծքերը բարձրացնող «հրաշք կրծկալը»` Wonderbra-ն: Դրա շնորհիվ ընդունվեցին նաև սեքսուալության նոր չափանիշներ: Այն կանայք, ովքեր բնությունից չէին պարգևատրվել շքեղ կրծքերով, Wonderbra-յի շնորհիվ հնարավորություն ստացան բարձրացնել ու «կանչող» դարձնել դրանք:

Այսօր կրծկալը, բացի հարմարավետությունից, նաև սեքսուալության հոմանիշ է:

 

 

ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԿՐԾԿԱԼ 

Ընդառաջ գնալով ամռան շոգերին` հետաքրքիր նորությամբ են հանդես գալիս կանանց ներքնազգեստներ արտադրող աշխարհի առաջատար ընկերություններից մի քանիսը: Օրինակ «Super Cool Bra»-ն ներկայացրել է կրծկալ, որը բաղկացած է գելային երկու բարձիկներից: Դրանք մինչև կրծկալի մեջ տեղադրվելը 2 ժամ պետք է պահվեն սառնարանում: Այս կրծկալների կապույտ և կարմիր երանգներովն արդեն հասանելի են ճապոնական խանութներում:

Զովացնող կրծկալներն ինքնատիպ են նաև իրենց բուրելու հատկությամբ. դրանք արձակում են անանուխի հոտ: Սակայն դրանց հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում: Եթե քեզ գելային բարձիկների սառնությունը չի բավարարում, ապա կարող ես գործի դնել կրծկալի փոքրիկ մղիչը, որը ջուր «կցանի» մարմնիդ վրա` պարգևելով իսկական շատրվանային էֆեկտ:

Ներքնազգեստի հեղինակները նպատակ ունեն նվազեցնել օդափոխիչների ծանրաբեռնվածությունը Ճապոնիայում: Չենք մոռանում, որ 2011-ի մարտին Ֆուկուսիմա ատոմակայանի վթարից հետո ամբողջ երկիրը շարունակում է մնալ էներգետիկ ճգնաժամի մեջ: Եվ քանի որ հսկա սենյակները հովացնելը հիմա բարդ խնդիր է դարձել, գիտնականները շարունակում են առաջարկել իրենց լուծումները, որպեսզի մարդկային պայմաններում «ապրեն» գոնե կրծքերը :)

 

 

Գինեսի գրքում գրանցված ամենաթանկ կրծկալը 12.5 միլիոն դոլար արժե: Այն առաջին անգամ` 2001թ. հանրությանն է ներկայացրել գերմանուհի մոդել Հայդի Կլումը: Դրանից հետո այս արժեքը կրկնվեց միայն 2005-ին: Ֆինանասատնտեսական ճգնաժամով պայմանավորված նվազեց նաև կրծկալների գինը: Վերջին տարիներին ամենահայտնին  Ադրիանա Լիմայի 2 մլն դոլար արժողությամբ ադամանդապատ կրծկալն է:

2012-ի ամենահայտնի կրծկալը բրիտանացիներինն է. Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում ստեղծվել է ադամանդապատ RiTA կրծկալը: Այն ամբողջությամբ պատված էր 500 կարատանոց ադամանդներով: Թանկարժեք կրծկալի հեղինակները ոսկերչական ընկերություններից մեկի քառասուն աշխատողն են: RiTA ներքնազգեստը կշռում է 750 գ, որն  աճուրդում վաճառվեց 1 մլն ԱՄՆ դոլարով:

 

Ժամանակակից մրցակցային շուկան առաջարկում է կրծկալների սահման չունեցող տեսականի` սկսած ամենաէժանագիններից մինչև մի ամբողջ կարողություն գնահատվողները, կրծքերն ամբողջությամբ գրկողներից մինչև լայն լանջաբացվածքի  համար նախատեսվածները, անկուրծք արտաքին ունեցողներից մինչև հավելյալ չափ հաղորդողները, զովացնողներն ու տաքացնողները և այլն: Անգամ գոյություն ունեն բժիշկ-կրծկալներ: Դրանք մշտապես ստուգում են կրողի սրտի աշխատանքն ու ինտերնետային կապի միջոցով տվյալներ փոխանցում բժշկին: Սակայն այս բազմազանությունը երբեմն շփոթության մեջ է գցում «ոլորտում» նոր-նոր քայլեր կատարողներին, ովքեր ընտրում են իրենց մարմնին անհամապատասխան կրծկալներ: Իսկ սխալ ընտրված կրծկալը հետագայում հանգեցնում է շատ լուրջ բարդությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել