Ընդամենը մի քանի ամիս է մնացել Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն: Դա ենթադրում է համակարգային և լուրջ կառուցվածքային փոփոխությունների իրականացում: Անցումը կառավարման նոր մոդելի ավելի սահուն կլինի, եթե փոփոխությունները տեղի ունենան աստիճանաբար:
Այսպես՝ նոր կառավարության ձևավորման պրոցեսով սկսվեց փոփոխությունների ալիքը, որն ընթանում է երկու կառուցվածքային և կադրային վերաձևումների տեսքով: Կառուցվածքային փոփոխությունները ներառում են առանձին գերատեսչությունների օպտիմալացումը և գործառույթների հստակեցումը, իսկ կադրային վերափոխումները, որպես առանձին ոլորտների պատասխանատուներ` նոր, հանրությանը քիչ հայտնի մարդկանց նշանակումը, ովքեր համակարգի հետ կապ չունեցող անձինք են և կայացել են հիմնականում մասնավոր ոլորտում:
Այս համատեքստում ուշագրավ է, որ նախկին աղմկահարույց դեմքերից շատերը չպահպանեցին իրենց պաշտոնները: Հին կաբինետից վերանշանակվեցին միայն Վաչե Գաբրիելյանը և Դավիթ Հարությունյանը: Նախկին կաբինետի այս անդամներն առանձնանում են նրանով, որ թրծված են քաղաքական պրոցեսներում և պրոֆեսիոնալի համարում ունեն:
Սակայն պետք է ընդգծել, որ փոփոխություններին միտված մինչ այժմ իրականացված քայլերը դեռևս բավարար չեն, քանի որ կառավարման համակարգի մաս կազմող մեծ թվով ոլորտներ թարմության և բարեփոխման կարիք ունեն: Համակարգային փոփոխությունները անցյալի թերություններն ուղղելու լավ հնարավորություններ են ընձեռում: Հարկավոր է պահպանել այն տեմպը, որով սկսվել է այդ գործընթացը: