Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական զորահանդեսՀՀ անկախության 25 ամյակի տոնակատարություններն իրականում աննախադեպ էին ոչ միայն զորքերի, ռազմական տեխնիկայի ու մարդկանց ներգրավվածությամբ, այլ նաև բարձր կազմակերպվածությամբ, մասնակիցների ու ականատեսների հույզերով ու բարձր ոգևորությամբ: Այս ամենը բարձր գնահատականի է արժանի:

Չի կարելի պատշաճ չգնահատել նման երևույթները, երբ միախառնվում և մեկ ամբողջություն են դառնում քաղաքացու, զինվորականի և ղեկավարի հույզերը, ուրախությունն ու հույսերը, չի կարելի այն թերագնահատել, որովհետև նման պահերին է, որ միասնականության հույս է ծնվում:

Դժվար չէ այս ամենը հասկանալ, բայց տարածված ցուցամոլությունն ու ամեն ինչ իր անձին ծառայեցնելու մոլուցքը մարդկանց թույլ չի տալիս սեփական քթից այն կողմ տեսնել, հնարավորություն չի ստեղծում տեսնել համընդհանուր շահն ու առաջնորդվել դրանով:

Եվս 25 տարի կարող ենք զարմանալ, թե ինչու առաջ չենք գնում, զարմանալ ու տրտնջալ, որ վատ երկրում ենք ապրում, բայց այդ զարմանքը որևէ ուժ չունի խնդիրը լուծելու համար: Իրավիճակը փոխելու և առաջ շարժվելու ուժը մեր մեջ է, այն պետք է տեսնել ու ապավինել սեփական ուժերին: Պետք է գնահատել այն, ինչ ունենք, հավատալ լավ ապագային, օգնել միմյանց:
Հույսը, որը չի մահացել մեզանում, պետք է փայփայել երեխայի նման, ժամանակ ու հոգի դնել այդ հոգևոր երևույթի մեջ, որպեսզի այն մեծանա և դառնա երազանքի իրականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել