Ներդրումային դաշտը խթանելու համար պետությունը մշակում է որոշակի ֆինանսատնտեսական քաղաքականություն և փորձում աջակցել բիզնեսին: Այս համատեքստում պետք է ընդգծել, որ ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի գանձման հետաձգումը բիզնեսի համար առանցքային նշանակություն ունի: Դրանով պետությունն, ըստ էության, անտոկոս ֆինանսական ներարակում է իրականացնում տնտեսության մեջ։
Արտաքին ֆինանսական հոսքերի կրճատման պայմաններում այսօր Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունեն ներդրումները։ Վերջին տարիներին գործադիրը ներդրումները խրախուսելու նպատակով տնտեսավարողներին տրամադրում է հարկային որոշակի արտոնություններ։ Դրանցից մեկն էլ ներդրումային ծրագրերով ներմուծվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգումն է երեք տարի ժամկետով։
Պաշտոնական տվյալներով, սկսած 2009թ., 65 ընկերություն ստացել է ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարումը հետաձգելու իրավունք։ Ընդհանուր գումարը կազմել է 42 մլրդ դրամ։
Բայց խնդիրն այստեղ այն է, որ իրականում ընկերությունները բավականին երկար ճանապարհ են անցնում մինչև ստանում են որոշակի արտոնություններ: Բյուրոկրատական քաշքշուկի պատճառով գործընթացը տևում է ոչ թե 7 օր, այլ որոշ դեպքերում՝ 7 ամիս, քանի որ կազմակերպությունը պարտավոր է անցնել 7 գերատեսչությունների դռներով:
Այս նպատակով, կարծում եմ, տեղին է վերանայել արտոնություններ տրամադրելու գործընթացը և այն ավելի պարզ ու մատչելի դարձնել տնտեսվարողի համար: