Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով Հայաստանում մենաշնորհի դեմ պայքարին ու ընդհանրապես մենաշնորհների առաջացմանը, նշել էր. «Շուկան փոքր է և էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, եթե ինքը բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին․ դա մեկ այլ բան է»:
Վարչապետի այս հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել: Մասնավորապես, ՀԱԿ ներկայացուցիչներ Վահագն Խաչատրյանը և Լևոն Զուրաբյանը քննադատել էին այս մոտեցումը՝ նշելով, որ ցանկացած պարագայում մենաշնորհը արատավոր երևույթ է ու դրա դեմ պետք է պայքարել:
Բայց երբ ավելի հանգամանալից կերպով ենք վերլուծում մենաշնորհների գոյացման գործընթացը, տեսնում ենք մենաշնորհների առաջացման մի քանի հիմնական պատճառ: Ըստ էության՝ դրանք 3-ն են.
Առաջինը պետության կողմից քվոտավորումն է, երկրորդը՝ հանցավոր ճանապարհով բիզնեսի պաշտպանությունն ու մոնոպոլ դիրքերի ամրապնդումը, և երրորդը՝ տնտեսական արդյունավետ կառավարմամբ պայմանավորված մրցակիցների դուրս մղումը շուկայից:
Հաջորդ փուլում հարկավոր է հասկանալ, որ մենաշնորհների դեմ պայքարն ու մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը չեն ենթադրում անխուսափելի կուլակաթափություն: Այստեղ պետությունը պետք է բացառապես տնտեսական լծակներ կիրառի, սահմանի հստակ խաղի կանոններ և հետևի դրանց իրականացմանը:
Միևնույն ժամանակ հնարավոր չէ հերքել այն հանգամանքը, որ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ շուկան խիստ սահմանափակ է, մենաշնորհի առաջացման հավանականությունը բավական մեծ է: Սակայն դա արդեն ենթադրում է, որ հարկավոր է կոշտ վարչարարություն ու վերահսկողություն կիրառել հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար: Եթե նույնիսկ ձևավորվում է մենաշնորհ, այդ կարգավիճակում հայտնված տնտեսվարողները պետք է մշտապես գտնվեն համապատասխան կառույցների վերահսկողության ներքո: