Երբ 1998 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծակի հայտարարեց իր հրաժարականի մասին, ես հասարակ զինվոր էի մոտոհրաձգային բրիգադում:
Հրամանատարները լծվեցին քարոզարշավին` թե պետք է ընտրել ՌՔ-ին:
Ժողովներ, հանդիպումներ և այլն և այլն: Հիշում եմ եկել էր նաև Ազատ Գասպարյանը: Ժողովների ժամանակ ես հարցեր էի տալիս հրամանատարներին, հասկացնելու համար որ քարոզը բանակում արգելված է և ընտրությունը ազատ պետք է լինի, հրամանից դուրս: Նրանք մեզ վախեցնում էին թե դուք զինվոր եք, պետք է կատարեք հրամանը և ընտրեք այսինչին, քանի որ այլապես կարող է պատերազմ սկսվել:
Մյուսները ևս գիտեին, որ ՌՔ-ին չեմ ընտրելու:
Եկավ ընտրության օրը:
Առավոտյան մեզ շարեցին, բաժանեցին մեր զինգրքույկները և շարքով գնացինք մոտակա ընտրատեղամաս: Ինչ-որ ակումբ էր:
Քվեատուփի շուրջ նստած էին ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ՀԺԿ և մյուս դիտորդները, վստահված անձինք:
Վերցրեցի քվեաթերթիկը, ընտրեցի Վազգեն Մանուկյանին, ծալեցի, որ գցեմ քվեատուփի մեջ:
Այդ պահին բրիգադի շտաբի պետը մոտեցավ, հրամայեց`
Զինվոր, մի հատ բաց արա թերթիկդ:
Ասացի, " Իրավունք չունեք, գաղտնի է քվեարկությունը":
Սակայն նա խլեց և բաց անելով տեսավ, որ հրամանը չեմ կատարել:
Ոչ մի վստահված անձ չշարժվեց: Բոլորը սակայն տեսան անօրինականությունը:
Նրա նացիստական դեմքը սպիտակեց, վերցրեց Ալենկո կապի միջոցը և զանգեց հրամանատարին` թե Պարոն հրամանատար, զինվորները չեն կատարում Ձեր հրամանը, քվեարկում են Վազգեն Մանուկյանին:
Ամբողջ զորքը սարսուռով ինձ էր նայում: Նրանք արագ շարեցին մեզ և ուղարկեցին բրիգադ:
Ճանապարհին հին ծառայողները կիսվեցին, թե նախորդ այդպիսի դեպքերում զինվորներին ծեծելուց հետո գիշերը հենց ուղարկել են Հորադիզ, որպես պատիժ:
Նույնը ինձ էր սպասում:
Հասանք զորամաս: Տղաները ինձ քաջալերում էին, որոշները վախեցած էին:
Սակայն չգիտեմ ում նախաձեռնությամբ, թե աստծո կամքով լուրեր էին տարածվել թե այդ նույն շտաբի պետը ընտրել է Դեմիրճյանին:
ԿՊՊ-ում հրաման էին ստացել, նրա սպիտակ նիվան զորամաս չթողնեն:
Այլևս նա շտաբի պետ չէր:
Հաջորդ առավոտյան զորամասը շարված էր:
Արարատ լեռը շատ պայծառ էր և գագաթը սպիտակափայլ: Օդը սառն էր:
Արտաշնչելուց գոլորշի էր առաջանում:
Արտաշնչելուց գոլորշի էր առաջանում:
Մոտեցավ հրամանատարի սև ՋԻՊ-ը: Սկզբից մեքենայից դուրս թռավ նրա գամփռը, հետո երևաց նրա ահռելի մարմինը: Նա կանգնեց կենտրոնում:
Երգեցինք Մեր հայրենիքը: Լռություն է: Նա գոռաց` Ուր է այդ ստահակը?
Տղաները շրջվեցին, թե Քեզ է կանչում, գնա
Ես մոտեցա նրան, ներկայացա և շրջվեցի դեպի զորքը:
Միշտ կանգնած էի շարքում, բայց այս կողմից ինձ էր նայում 3000 աչք:
Ասաց` Չենք բացատրել, թե ինչպես պետք է վարվեիր Էդքան ասեցինք, բացատրեցինք?
Պատասխանեցի` Պարոն հրամանատար, ընտրել եմ, որպես ազատ քաղաքացի, ըստ սահմանադրության
Գոռաց` Ոնց ես ընտրել այդ ֆաշիստին? Գնա կանգնի շարք: Ես դեռ քեզ հետ հետո կխոսամ:
Վազեցի դեպի իմ գումարտակ:
Շտաբի պետը արդեն այդտեղ չէր: Նա արդեն պատժված էր: :))))))
Մենք սպասեցինք 1 շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ: Սակայն իմ հետևից չէին գալիս:
Մնաց քաղհալածյալի համբավը:
Հետո տարիներ անց, այդ հրամանատարը արդեն միտինգներում դեմ էր նույն այդ իմ չքվեարկած նախագահին:
Այ այսպիսի ընտրություն:
Նյութի աղբյուր՝ http://sarcashen.blogspot.com/2013/02/1998.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




