Ավագ դպրոցում փոփոխություն են անում: Որոշել են, որ 12-րդ դասարանցիները երկրորդ կիսամյակում ուսումնասիրելու են հիմնականում այն առարկաները, որոնք իրենց պետք են բուհ ընդունվելու համար:
Այլ կերպ ասած՝ ավագ դպրոցը վերցնում է կրկնուսույցների դերը:
Հանրակրթության ոլորտի հարգելի պատասխանատունե՛ր, մինչև դուք որոշեք աշակերտներին պատրաստել ընդունելության քննություններին, դրանք արդեն ուղղակի կվերացվեն, կրկնուսույցների գործն էլ ինքն իրան կվերջանա, մինչև դուք կարողանաք վերցնեք այն:
Հա, մի բան էլ. ինչու՞ եք այդքան համոզված, որ դպրոցի հիմնական գործը աշակերտին բուհ ընդունվելու համար պատրաստելն է:
Նախ, մեր երկրում բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, երկրորդ՝ ոչ բոլոր աշակերտներն են դառնում ուսանող, երրորդ՝ միջնակարգ և բարձրագույն կրթությունների միջև բովանդակային այնպիսի խոր հակասություններ կան, որ դպրոցը մասնագիտությունների մեծ մասով պարզապես չի կարող նախապատրաստել երեխային բարձրագույն կրթության:
Ինչու՞ է այդպես: Եվս մի պատճառ. բանն այն է, որ ավագ դպրոցն այսօր հավակնում է օգնել աշակերտին ընդունվելու բուհ, այսինքն՝ հանձնել ընդունելության քննությունները, բայց զավեշտն այն է, որ բազմաթիվ ֆակուլտետներում ընդունելության քննությունները կապ չունեն այդ մասնագիտությունների հետ:
Հ.Գ. Մեր կրթական համակարգերը ոչ թե լավն են կամ վատը, այլ պարզապես լուրջ չեն: