Lurer.com-ը գգրում է.

Եվրամիությունը օրհասական վիճակում է եւ պետք է գործնականում ցույց տա փոխվելու իր կարողությունը: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 16-ին հայտարարել է Բրատիսլավայում՝ ժամանելով ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Մենք օրհասական վիճակում ենք: Հարկավոր է գործերով ցույց տալ, որ մենք կարող ենք ավելի լավը դառնալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության բնագավառում համագործակցության, տնտեսական աճի եւ աշխատաշուկայի հարցերում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ չարժե սպասել, որ Սլովակիայի մայրաքաղաքի գագաթնաժողովում կլուծվեն խնդրահարույց հարցերը: «Մենք այսօր քննարկելու ենք Բրատիսլավայի հռչակագիրը եւ, հուսով եմ, կկարողանանք այն համաձայնեցնել: Բայց խոսքն այն մասին չէ, որ բոլոր խնդիրների լուծումները գտնենք մեկ հանդիպման ընթացքում»,-նախազգուշացրել է Մերկելը: ԳՖՀ-ի կանցլերը նաեւ հավելել է, որ ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն այսօր քննարկելու են միգրացիայի եւ միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի հարցերը:

«Այդ բոլորը կմշակվի մինչեւ տարեվերջ եւ մինչեւ 2017 թվականի մարտին Հռոմի պայմանագրի 60-ամյակը, եւ մենք ցանկանում ենք հասնել կոնկրետ առաջընթացի»,-հայտարարել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել