ՀԱՐՑ
«Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ։ Շատ եմ խնդրում, եթե դժվար չէ, պատասխանեք իմ հարցին․ այն ինձ համար շատ կարևոր է: Ես այցելել եմ գինեկոլոգի, և նա ինձ զննել է ու ասել, որ իմ կուսաթաղանթն ամբողջական է, բայց լայնացած է։ Խնդրում եմ, ասեք՝ ինչ է դա նշանակում, ինչու է կուսաթաղանթը լայնանում և արդյոք դա նշանակում է, որ առաջին սեռական հարաբերության ժամանակ ինձ մոտ արյան հետքեր չեն լինի։ Նախապես շնորհակալ եմ»:
ՊԱՏԱՍԽԱՆ
Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիսարևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:
Որպեսզի հասկանալի լինի պատասխանս, նախ մի քիչ կուսաթաղանթի կառուցվածքից խոսենք:
Կուսաթաղանթը լորձաթաղանթի ծալք է, որը գտնվում է հեշտոցի մուտքի մոտ`հանդիսանալով սահման արտաքին ու ներքին սեռական օրգանների միջև:
Այն կազմված է շարակցական հյուսվածքից ու լորձթաղանթից: Շարակցական հյուսվածքն իր հերթին սնուցվում է արյունատար անոթներով, մազանոթներով, այստեղ կան նյարդային վերջույթներ: Կուսաթաղանթն օժտված է առաձգականությամբ:
Կուսաթաղանթում տեղակայված արյունատար անոթների քանակից ու հաստությունից է կախված նկատվող արյան քանակությունն ու ծավալն առաջին սեռական հարաբերության ժամանակ պատռվելիս: Իսկ նյարդային վերջույթներն ապահովում են ցավային զգացողությունը վերը նշված պրոցեսի ժամանակ:
Մեծ նշանակություն ունի նաև կուսաթաղանթի առաձգականությունը, որը ևս անհատական է ու պայմանավորված է նրանում առկա մկանաթելերի քանակից ու ամրությունից: Այն կարող է լինել շատ ամուր, ինչը կդժվարացնի սեռական ակտի ժամանակ նրա պատռումը, և հակառակը՝ լինելով շատ առաձգական, նույնիսկ մի քանի սեռական ակտից հետո կարող է պահպանել իր ամբողջականությունը: Երկու դեպքում էլ դիմում են բժշկին և, որպես կանոն, վիրահատական միջամտությամբ իրականացվում է դեֆլորացիա/կուսաթաղանթի պատռում/:
Կուսաթաղանթը կարող է ունենալ մեկ կամ մի քանի անցքեր, ինչը նորմալ է ու անհրաժեշտ է, որ անցքով դուրս գան դաշտանային արյունը, լորձն ու մահացած բջիջները: Կուսաթաղանթի անցքը կարող է լինել ամենատարբեր չափերի ու ձևի:
Կուսաթաղանթն առկա է սեռական կյանքով չապրող կանանց մոտ և պատռվում է, որպես կանոն, առաջին սեռական հարաբերության ընթացքում:
Իսկ արյան առկայությունը, ցավը, ինչպես նշեցի, պայմանավորված են մի շարք առանձնահատկություններով, որոնք բնորոշ են միայն Ձեր կուսաթաղանթին: Թե ինչպես կլինի Ձեր դեֆլորացիան, կանխատեսել չարժե, քանի որ, չնայած լայն անցքին, այն շատ հարուստ է արյունատար անոթներով, ու առաջին իսկ ակտի ժամանակ թեթև վնասումն էլ կբերի արյունային արտադրության ու հակառակը: Ուստի հանգիստ ապրեք, իսկ եթե այս հարցը մեծ նշանակություն ունի Ձեր և Ձեր զուգընկերոջ համար, քննարկեք նախքան առաջին սեռական հարաբերությունը, որպեսզի խուսափեք հնարավոր անակնկալից: