Ս. Սարգսյանի համար բանաստեղծություն արտասանած Ապարանի անձնագրային ծառայության պետ. Մենք նայում ենք մեր թագավորին

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 14-ին Սերժ Սարգսյանի՝ Ապարանում կայացած հանդիպման ժամանակ մի կին բանաստեղծություն արտասանեց: Պարզվում է, որ բանաստեղծություն արտասանող կինը Ապարանի անձնագրային ծառայության ղեկավար Աննման Շահբազյանն է:

Ստորեւ ներկայացնում ենք Աննման Շահբազյանի հետ մեր զրույցը:

-Տիկին Շահբազյան, ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանի՝ Ապարանում կայացած հանդիպման ժամանակ Դուք էիք բանաստեղծություն արտասանել:

-Այո, ես եմ, ես եմ:

-Դա Ձե՞ր բանաստեղծությունն էր:

-Այո, իմ գրած բանաստեղծությունն էր, որը շուտով երգ կդառնա:

-Իսկ ո՞վ է երաժշտություն գրելու:

-Ես, ես նաեւ երգահան եմ:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք այդ բանաստեղծությունն արտասանել:

-Ես ուղղակի ինքնաբուխ գրել եմ Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:

-Իսկ ինչո՞ւ հենց այնտեղ արտասանեցիք, ի՞նքը Ձեզ ոգեւորեց, ոգեշնչեց:

-Իհարկե, ընտրարշավի ժամանակ նայեցի եւ ոգեւորվեցի, եւ ինձ զգացի ապահով ու ապահովված Հայաստանում՝ բոլոր հայերի հետ միասին: Ամեն ինչով հանդերձ ես ապահով եմ տեսնում Հայաստանը, եւ ուզում եմ համայն հայությունը իջեւանի ապահով Հայաստանում:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Սերժ Սրագսյանը ոգեւորվե՞ց ձեր բանաստեղծությունից:

-Ես կարծում եմ, այո, որովհետեւ չթաքցրեց իր հուզմունքը:

-Իսկ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, երբ թեկնածուներին կամ պաշտոնյաներին բանաստեղծություններ են ձոնում, մեծարում են:

-Ես ոչ թե պաշտոնյային եմ մեծարում, դա պաշտոնյայություն չէ, ես տեսնում եմ Հայաստանը ապահով եւ յուրաքանչյուր անհատ քաղաքացի անկախ նրանից՝ աշխատանք է զբաղեցնում, թե ոչ, ինքը ուզում է ապրել ապահով, ինքնիշխան, ազատ անկախ Հայաստանում, դա մեր բոլորիս երազանքն է:

-Եւ Դուք դա Սերժ Սարգսյանի հետ եք կապո՞ւմ:

-Ես դա կապում եմ ամբողջ հայության հետ: Եւ այսօր քանի որ նա մեր թագավորն է, ընդհանրապես մենք նայում ենք մեր թագավորին եւ հանձինս նրա տեսնում ենք կառուցվող Հայաստան:

-Իսկ կազմակերպիչները տեղյա՞կ էին Ձեր բանաստեղծության մասին, թե՞ ինքնաբուխ որոշեցիք արտասանել:

-Ոչ մեկ տեղյակ չէր:

-Այսինքն՝ Դուք լսեցիք Սերժ Սարգսյանին, ոգեւորվեցիք ու որոշեցիք նվիրե՞լ նրան այդ բանաստեղծությունը:

-Այո, այո, ամեն ինչ եղել է ինքնաբուխ: Ոչ մի բան որոշված չէր:

-Իսկ Դուք որպես քաղաքացի՞ էիք գնացել այդ հանդիպմանը, թե՞ ի պաշտոնե:

-Ոչ, ոչ, ես որպես քաղաքացի եմ գնացել: Ես քաղաքացի եմ, ես քաղաքացին եմ Հայաստանի Հանրապետության: Ես անգամ բանաստեղծություն եմ գրել՝ «Անձնագիր»:

-Իսկ Դուք չե՞ք ցանկանում թողնել Ձեր պաշտոնը եւ գրականությամբ զբաղվել:

-Ոչ, իմ պաշտոնը ժողովրդական պաշտոն է: Ես շատ սիրով եմ ծառայում իմ ժողովրդին: Ունեմ նաեւ 14 երգ, որոնց բառերի եւ երաժշտության հեղինակն եմ, եւ որոնց կատարողն եմ ինքս: Գրել եմ նաեւ օրհներգին նվիրված երգ, եւ մասնակցել եմ օրհներգի մրցույթին, բայց գիտեք, որ այդ մրցույթը չկայացավ: (Տիկին Շահբազյանն արտասանում է իր բանաստեղծությունից մի հատված)

-Դուք այդպես սիրուն ստեղծագործում եք, հնարավո՞ր է, որ մի բանաստեղծություն էլ հենց Սերժ Սարգսյանի մասին գրեք:

-Այն, ինչը ծնվում է, ծնվում է ներշնչանքով, ծնվում է պահով, եւ դա Աստված է նվիրում: Եթե գրեմ, տեղյակ կպահեմ: Ասեմ նաեւ, որ պաշտոնը մեր հողի վրա կարեւոր չէ, կարեւորը այն է, որ ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ հայ ժողովրդին, եւ ամուր արմատներով կպած եմ մեր հողին: Ինչքան էլ որ դժվար լինի, առավել եւս, դժվար է Ապարանում ապրել, բայց դժվարություններին սովոր մարդը երբեք չի նայում, որ ուրիշը պետք է աշխատի, ինքը ուտի: Մենք սովոր ենք աշխատել, վաստակել եւ մեր վաստակած քրտինքի պտուղները ուտել: Դրա համար էլ այսպես սրտաբուխ է ամեն ինչը մեզ մոտ ստացվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել