Աղասի Այվազյան - գրող, նաև դրամատուրգ, նաև նկարիչ, նաև... Այսպես կարելի է նաև-ների մի ամբողջ շարք ներկայացնել: Ու թերևս Աղասի Այվազյանը կրկին կմնա հանելուկային, չբացահայտված, հետաքրքիր: Նրանով պիտի հպարտանանք մենք և մեր հետագա սերունդները: Այվազյանական թատերական փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու Այվազյանի անեզր աշխարհի հետ:
Այս տարի փառատոնին մասնակցելու իրենց հայտերն են ներկայացրել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի և Երտասարդության հարցերի նախարարության շնորհիվ արդեն Արցախից թատերական խմբեր: Փառատոնի շրջանակներում ներկայացումներից բացի կկազմակերպվեն հանդիպումներ հայտնի արվեստագետների և մշակութային կառույցների ղեկավարների հետ, ում հետ շփման հնարավորություն կունենա թատերասեր հասարակությունը: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն վարպետության դասընթացներ հայ անվանի թատերական գործիչների մասնակցությամբ:
«Այս փառատոնը այն եզակիներից է մեր երկրում, որի երակներով հոսում է զուտ հայկականը»,-իր խոսքում նշեց փառատոնի պրոդյուսեր Նարեկ Արշակյանը:



