Մշակույթի ոլորտն ամենանուրբ ու խոցելի դաշտն է, որտեղ միշտ անելիք կա, միշտ խնդիրներ կան ու միշտ էլ քննադատության առիթ: Ոլորտում տիրող իրավիճակից շատ հաճախ դժգոհ են հենց ոլորտի մասնագետները. պետական աջակցությունը բավարար չէ, փողն է քիչ՝ ծրագրերը կյանքի կոչելու համար եւ այլն:
Ուրախալի է, որ մեր մշակութային արժեքների պահպանության գործը մշտապես գտնվում է համացանցի ակտիվ օգտատերերի ուշադրության կենտրոնում, որ երիտասարդ սերունդն իր քաղաքացիական ակտիվության դրսևորման կարևոր բաղադրիչն է դարձրել տեր կանգնելն իր հայրենիքին ընդհանրապես ու նրա յուրաքանչյուր քարութուփին մասնավորապես: Ու եթե քննադատում ենք թերացումները, մատնանշում խնդիրները, չգիտես ինչու պետական կառույցները շատ հաճախ դրանք սվիններով են ընդունում, փոխանակ` ականջալուր լինելու ու դրանք շտկելու: Չէ որ մենք միայն վատը չենք նկատում, մեզ տեսանելի է նաև դրականը: Ուստի ազնվության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ հուշարձանների պահպանության գործում վերջին շրջանում զգալի առաջընթաց է գրանցվել: Միայն անցած տարի պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանության ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել. միջազգային գիտաժողովներ են կազմակերպվել, գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչվել, հուշարձանների ուսումնասիրման, հանրահռչակման խնդիրների վերաբերյալ հրատարակություններ եղել: Հուշարձանների պահպանության, վերականգնման և ամրակայման ծրագրային աշխատանքների համար կազմվել է հանրապետության առավել վտանգված 300 հուշարձանների ցանկը:
Երբ փորփրում էի պետական համակարգի կայքերը հանդիպեցի մի տեղեկատվության, որ համաձայն ՀՀ վարչապետի 2012թ. հունիսի 18-ի՝ 01/29.6/118911-12/ հանձնարարականի և Մշակույթի նախարարի 2012թ. հունիսի 27-ի՝ «Մշակույթի ոլորտում տնտեսական աճն ապահովող միջոցառումների մասին» N594-Ա հրամանի՝ 2012թ. մշակութային ծառայությունների որակի բարձրացման և կանխատեսված ցուցանիշների ծավալների գերակատարման կապակցությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մշակույթի նախարարի կողմից օրերս պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
Միաժամանակ, կարծում եմ, որ մշակութային քաղաքականության ամենակարևոր մասը հենց այն պետք է լինի, որ մեր երկրում այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորվի, որպեսզի ամեն մեկս լինենք մեր պատմամշակութային արժեքների պահպանողն ու փչացնողի ձեռքը բռնողը: Քանի որ հազիվ թե մեր տասնյակ հազարավոր մշակութային արժեքների պահպանումը մի կառույցի, նրա ստորաբաժանումների, կամ էլ ավելի կոնկրետ՝ մի պատասխանատու պահակի հույսին պետք է լինի: Մեզնից յուրաքանչյուրը պետք է լինի մեր փառավոր անցյալը խորհրդանշող պատմամշակութային արժեքների պահպանությանը լծված արթուն պահակը: