ՄԶՄԿ փորձագետ |
Ասում եմ որպես 1995-99 թվականներին համակարգում եղած մարդ: Իհարկե, այս ստերեոտիպը ստեղծվել է ի նպաստ գոյություն ունեցող քաղաքական հոսանքների ու շահերի: Բայց ժամանակն է ազնիվ գնահատել եղածը ու չշարժվել միայն քաղաքական օրակարգով: Պետական համակարգում, ի լրումն քաղաքական գործիչների ու խաղերի, եղել են և կան այլ գործիչներ, պայմանական կոչենք բյուրոկրատիա, որը քիչ բան չի արել: Ու այդ արած կամ չարած գործը կապել զուտ քաղաքական գործիչների փոփոխության հետ սխալ է:
Հրանտ Բագրատյանը լիբերալ քաղաքական գործիչ է, ու նրա սկսած հիմնական գիծը եղել է լիբերալիզացիան: Ամեն մինչ մասնավորի, իսկ չկայացած շուկայական հարաբերությունների դեպքում անարխիայի ձեռքերը հանձնելը: Դասական լիբերալիզմը ենթադրել է, որ ինքն իրեն ամեն ինչ իր տեղը կընկնի, անարխիան կկանոնակարգվի:
Սակայն այդ ամենը կանոնակարգելու համար պետական նոր մոտեցումներ ու ինստիտուտներ են հարկավոր եղել: Ահա այդ նոր ինստիտուտները ստեղծելուն ուղղված ջանքերը սկսվել են 1996 թվականին, որոնց կյանքի կոչելը սկսվել է 1997 թվականին (մեծամասամբ անհաջող, բայց դե փորձը փորձ է): Միակ ինստիտուտը, այն ժամանակ որ կայացավ, Կենտրոնական Բանկն էր՝ Բագրատ Ասատրյանի և Արմեն Դարբինյանի ու շատ-շատերի շնորհիվ: Ի դեպ, Բագրատյանը այս ինստիտուտին և՛ այն ժամանակ, և՛ հիմա էլ դեմ է: Կարող եմ պնդել, որ այս ինստիտուտը կայացավ ի հեճուկս նրա ջանքերի:
Այժմ գանք 1998 թվականին, մի տարի, որը դրական առումով կրիտիկական տարի էր, համարյա բոլոր քիչ թե շատ, լավ թե վատ գործող ինստիտուտների հիմքը գցվել է այդ թվականին, սկսած նոր օրենսգրքերից և ավարտած կոնկրետ գործողություններով: Հումորով միշտ ասում եմ, որ 98 թվականին տեղի է ունեցել այնքան ռեֆորմ, ինչքան 2000-2010 տասնամյակում: Չուրանալով 96-97 թվականների արածը՝ ասեմ, որ 98 թվականը նախորդների արածների հիման վրա նորը կառուցելու հաջող փորձն էր: Այս տարին շատ են սիրում քլնգել քաղաքական մոտիվներով: Սակայն այն մեր պատմության մեջ յուրահատուկ դրական տարի է: Եվ այն դրական են դարձրել տքնաջան աշխատող շատ մարդիկ, ու դա կապված չի եղել քաղաքական խաղերի հետ՝ 1996-97-98 թվականները շատ ներդաշնակ են եղել ինստիտուցիոնալ փոփոխությունների առումով: Ավելին, 1999 թվականը մեր պատմության վատ կառավարման տարիներից է, սակայն, քանի որ այդ տարին կապվում է Վազգեն Սարգսյանի անվան հետ, ոչ ոք ռիսկ չի անում բարձրաձայնել սրա մասին: 1999 թվականը դարձավ քաղաքական մենաշնորհի մշակույթի ձևավորման տարի: Եթե 1998 թվականին յուրաքանչյուր հարցուպատասխանի ժամանակ մենք բազմաթիվ փաստաթղեր ու փաստեր էին տրամադրում նախարարին, որ նա գնա ԱԺ, ապա 1999 թվականին ԱԺ-ն որպես ինստիտուտ մահացավ, կառավարությունն ինչ ուզեր, կաներ ու կասեր: Այսինքն՝ կոտրվեց հակակշռի հիմնական սկզբունքը:
Կարող եմ շատ բան ասել, միգուցե առանձին բլոգ բացեմ ու մեկ առ մեկ սկսեմ պատմել այն, ինչ ինքս ապրել եմ, տեսել եմ, արել եմ: Ռեբուսի իմ հատվածը ներկայացնել: Սակայն ինստիտուցիոնալ պրոցեսները զուտ կապել քաղաքական տարեթվերի հետ սխալ եմ համարում:
Նույնը վերաբերում է 1991-1998 թվականներին՝ ամբողջը վերագրել ՀՀՇ-ին ու ընդհանրացում անելը սխալ է: Ամեն տարի էլ փոփոխություններ են եղել, մի բան լավ է եղել, մի բան վատ, իսկ գործող անձինք հաճախ քաղաքական հոսանքների հետ կապ չեն ունեցել, անձնական նախաձեռնությունը կամ ձախողումը քաղաքական բնույթ չի կրել:
Կից նյութը` այստեղ