Հիշո՞ւմ ես` որքան մեծ էր ուրախությունը, երբ իմացանք, որ վերջապես Հայաստանում էլ կարող ենք վայելել դել‎ֆ‎ինների խաղ-ներկայացումները: Ոչ բոլոր երկրներն են, որ կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու դելֆինարիում ունենալ, բայց ահա մեր փոքրիկ ու ոչ հարուստ երկիրը հետ չմնաց դրանից: Դելֆինարիում «Nemo»-ն իսկապես լավագույն նվերը դարձավ երևանցիների, մեկ-մեկ էլ գուցե մարզերի երեխաների համար: Այն, որ մեր ծնողներից, տատիկ-պապիկներից շատերն անգամ հնարավորություն չեն ունեցել դելֆինարիում այցելելու, ամենևին էլ զարմանալ պետք չէ, ինչպես նաև պետք չէ զարմանալ նրանից, որ մեր քաղաքում դրա բացման օրվանից չեն դադարում բողոքի ակցիաները:

 

 Դել‎‎ֆինարիումի բացվելուն պես մեր երկրում ակտիվացան բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Նրանց պնդմամբ` Հայաստանում դել‎ֆինարիումի համար չկան համապատասխան պայմաններ: Բողոքի ակցիաները կրկնապատկվեցին նաև այն ժամանակ, երբ դելֆինների, օվկիանոսային մյուս կենդանիների ներկայացումների թիվն ավելացավ: Ըստ «էկոդաշինք» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների` դել‎ֆիններին ու փոկերին պարզապես շահագործում են, որոնք միայն շահավետ բիզնեսի աղբյուր են:

  Հայաստանում չկան կենսական, եղանակային այն պայմանները, որոնք անհրաժեշտ են դելֆիններին ու փոկերին, դելֆինարիումի ջրավազանի չափսերն ու խորությունը բավարար չէ կենդանիների համար, չափից շատ քլոր պարունակող ջուրը վտանգում է կենդանիների առողջությունը` հասցնելով վաղաժամ կուրացման, կենդանիները չեն բազմանում իրենց համար անբնական միջավայրում և միջինից ավելի քիչ են ապրում, քան բնական միջավայրում. սրանք այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսն են, որոնց դեմ պայքարում են մեր բնապահպաններն ու կենդանասերները: Չնայած վերջիններիս չլռող բողոքին` դելֆինարիումն արդեն երկու տարի է` զվարճացնում է այցելուներին` ի հաշիվ կենդանիների առողջության և կենսական պայմանների ապահովման: Այն, որ երևանյան դելֆինարիումի ուկրաինացի տնօրեն Նատալյա Սամարեցը հասցրել է չսիրել մեր բնապահպաններին, դրանում ոչ մի խոսք, բայց այն, որ նա առանձնապես բարեհամբույր չէր նաև լրագրողների հետ, սեփական փորձից հասկացանք:

 

 «Nemo»-ի տնօրինուհին ուղղակի հրաժարվեց խոսել ձայնագրիչի առկայությամբ` պատճառաբանելով, որ կխոսի միայն առանձ ձայնագրման: Նա միայն ձայնագրիչն անջատելուց հետո փորձեց վստահեցնել, որ դելֆինները լողում են ծովի ջրում, սնվում օրական 45 կգ ծովային մանր ձկներով` կալմարներով: Օրական ունենում են 3 ներկայացում` 45 րոպե տևողությամբ: Ստացվում է` դել‎ֆիններն ու փոկերն ավելի լավ պայմանների մասին չէին էլ կարող երազել:

   «Էկոդաշինք» կազմակերպության համակարգող, մասնագիտությամբ կենսաբան, անասնաբույժ Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ Հայաստանը դելֆինարիում ունենալու համար բավարար պայմաններ չունի: Ըստ տկն Ադամյանի` դելֆինարիումի բացման սկզբնական շրջանում ահազանգ է եղել նաև արտասահմանցի գործընկերներից` մասնավորապես ամերիկյան Animal Welfare Institute գիտահետազոտական ինստիտուտից, որը զբաղվում է ջրային կենդանիների պահպանությամբ ու պաշտպանությամբ: «Դելֆինարիումում բոլորովին էլ ծովի ջուր չէ, կարող է ծովային աղեր ու հավելումներ լինեն, բայց, ընդհանուր առմամբ, այդ ջուրը սովորական, քլորացված խմելու ջուր է: Իսկ քլորացված ջրում, ըստ գիտնականների, դել‎ֆիններն ի վիճակի չեն երկար գոյատևելու: Գիտնական Տոմիլինը նշում է, որ կախված քլորի չափաբաժնից` 6 ամսից կուրության կհասցվեն դելֆինները: Ավելին` նրանք պարտադիր պետք է սնվեն կենդանի ձկներով, իսկ Հայաստանի պայմաններում դա անիրականանալի է»,- շեշտեց «էկոդաշինքի» համակարգողը: Նրա պնդմամբ` տարածությունը ևս, որտեղ հանգրվանում են դելֆինները, շատ փոքր է: Գիտական հետազոտությունները վկայում են, որ դելֆիններն օրական լողում են 40 հազար մղոն, որը նրանց կենսական պահանջն է: Հակառակ դեպքում` նրանք ենթարկվում են սթրեսի, ինչը վատագույնս է անդրադառնում այս կենդանիների վրա: 

 «Դելֆինները միակ կենդանիներն են, որ ունեն գլխուղեղի երկու կիսագնդեր: Նրանք օրվա մեջ, կարելի է ասել, չեն քնում. նրանց գլխուղեղի կիսագնդերը «հերթափոխով» են աշխատում: Այնպես որ, դա նրանց առողջության վրա չի ազդում»,- պնդեց դելֆինարիումի տնօրեն Նատալյա Սամարեցը:

  Ըստ կենսաբան, անասնաբույժ Սիլվա Ադամյանի` այն, որ դելֆինը միակն է, որի գլխուղեղը երկու կիսագնդերից է բաղկացած, ոչ ոքի իրավունք չի տալիս շահագործելու նրանց: Ավելին` «Էկոդաշինքը» դատական հայց է ներկայացրել դելֆինարիումի դեմ : «Անօրինական է առանց հանրային լսումների ու շրջակա միջավայրի փորձաքննության շահագործել դելֆինարիումը: Մենք պահանջում ենք օրինականություն»- նշում է կենսաբան Սիլվա Ադամյանը:

Դելֆինների, փոկերի ու կետերի որսի, իսկ որ սարսափելի է` սպանդի մասին ֆիլմեր ժամանակ առ ժամանակ տարածվում են անգամ համացանցում, որոնք ահազանգ են օվկիանոսային կենդանիների «գերեվարման»: Հենց այդ «գերավարության» արդյունքում է, որ ստեղծվում են դելֆինարիումները` զվարճացնելու կենդանիների բարեկամ մարդկանց: Դելֆինների ու կետերի որսի ու սպանդի մասին պատմող Սայմոն Հաթքինսի «Ծովախորշ» ֆիլմը, որ ցուցադրվեց նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի ընթացքում, պատմում է Ճապոնիայի Թայիջի կղզում կատարվող դելֆինների զարհուրելի սպանդի մասին: Հենց այս կղզին է դելֆինարիումների հիմնական մատակարարը. հենց այս կղզին է մեզ ուրախություն պարգևող դելֆինների ու կետերի կենդանի գերեզմանը:

 

 Ըստ վիճակագրության` Ճապոնիայի Թայիջի կղզում տարեկան 23.000 դել‎ֆին է սպանվում: Ճապոնական այս կղզին դելֆինների շուկա կարծես նաև լինի, որտեղ կետորսները կենդանի դելֆինի համար վարձատրվում են 150.000 ԱՄՆ, իսկ սպանվածի համար` 600 ԱՄՆ դոլար: Նրանց համար դել‎ֆինի կյանքը չափվում է գումարով միայն: Եվ այդ գումարն աշխատելու համար նրանք պատրաստ են սպանելու անգամ դել‎ֆինի ձագերին, որպեսզի Ճապոնիայի և աշխարհի այլ երկրներին դելֆինի միս մատակարարեն` չնայած նրան, որ այդ կղզում դելֆինների մսում սնդիկի քանակը գերազանցում է ընդունված չափաբաժինը: Միայն արյան ծովի վերածված օվկիանոսի այդ հատվածը, որտեղ որսում կամ սպանում են դելֆիններին, բավական է հասկանալու, թե որքան գիշատիչ է մարդը և ինչ դաժանությամբ է նա փոխհատուցում բնության այդ էակների բարությունը:

 

 Ասում են` կենդանիները մարդկանց բարեկամներն են, իսկ մարդի՞կ: Եթե այդ բարեկամությունը հնարավորինս պաշտպանվեր, այսօր չէինք ունենա այս տխուր վիճակագրությունը. այսպիսի տեմպով շարունակելու դեպքում մոտ 40 տարի անց ձկնային պաշարները կվերանան, ու այլևս ոչ մի դելֆինարիում չի կարողանա փոխհատուցել բնությանն ու մարդկությանը հասցված յուրաքանչյուր կորստի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել