Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր
Ընթերցվածք` Իմաստ. 8.19-9.5, Ես. 62.6-9, Հռոմ. 8.28-39, Մատթ. 10.16-22
Այս օրը Հայոց Եկեղեցին տոնախմբում է հիշատակը հռոմեացի Թեոդորոս զորահրամանատարի, ով, ճանաչելով ճշմարիտ Աստծուն, հրաժարվում է երկրպագել կուռքերին ու չաստվածներին: Աստծու վկան կանչվում է դատարան, ապա ժամանակավոր ազատ արձակվելով հրկիզում է չարիքի որջը` Ռեայի հեթանոսական տաճարը, ինչի համար և նահատակվում է:
...Ինչպես սբ. Թեոդորոս զորավարն իր հավատը` վահան և Քրիստոսի մասին վկայությունը սուր դարձրած պայքարեց և արժանացավ անթառամ պսակին սրբերի պայծառացյալ դասի մեջ, այնպես էլ այսօր քրիստոնյան պիտի մաքառի իր և իրեն շրջապատող աշխարհի մեղքերի, մոլությունների և գայթակղությունների դեմ` չմտահոգվելով, թե ինչ պիտի ասի, «որովհետև այդ ժամի ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք» (Մատթ. 10.19), որովհետև Հոր հոգին է խոսում նման պարագաներում մեր միջոցով:
«Ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք և կանչվեցին նրա նախասահմանումով», - ասում է այսօրվա առաքելական թուղթը` հուշելով, թե մենք` կանչված լինելով Քրիստոսից, գործակից ունենք նույն Տիրոջը, ով երբեք մեզ մենակ չի թողնի` մռնչացող թշնամու առջև: Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Եվ եթե ճանաչում ենք Աստծուն, եթե ամուր է մեր հավատը, ապա, իրավացի է Պողոս առաքյալը, որ ասում է` ոչ ոք` ո´չ կյանքը, ո´չ մահը, ո´չ մի զորություն և այլ արարած, չի կարող բաժանել մեզ Նրանից, ով իր կյանքը տվեց մեզ համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/491527940910490?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել