Ասեմ միանգամից, որ ուրախ եմ իմ վիրտուալ ընկեր koreolan-ի այս համակարգված ու ընդարձակ հոդվածի գոյությամբ, քանի որ դժվար թե ես ինձ կարողանայի ստիպել այսպես ամբողջական անդրադառնալ այս չափազանց կարևոր թեմային, դրա համար իմ խորին շնորհակալությունը իրեն: Նախաբանում ու առաջին մասում Կորեոլանը աղմուկը համարում է անհամարժեք ու խորհուրդ է տալիս. «Բողոքը պիտի լինի էմոցիաներից և հայտարարություններից լիովին զուրկ, իսկ դրանց փոխարեն պիտի լինեն բացառապես փաստեր ու սառը դատողություն»։ Ինչպես երևում է այդ «ձգված նախաբան»-ից, Կորեոլանը մեր կողմից է, ուղղակի իր խորհուրդներով ուզում է ճիշտ հունի մեջ դնել մեր պայքարը, որի համար իմ խորին շնորհակալությունը իրեն: Մաս 2-ում լրիվ ճիշտ բնութագրում. «Այն, որ ադրբեջանցիները «раздражающий фактор» են, իհարկե, բնական է։ Հա, և բնականաբար, իմ համար էլ է դա«раздражающий фактор»։» Բայց իմ ընկեր Կորեոլանը կարողանում է իր էմոցիաները պահել ու մեզ մատուցել շատ հավասարակշռված, սթափ ու ռացիոնալվերլուծություն, որի համար իմ խորին շնորհակալությունը իրեն: Մտահոգություն 1. «Ինչու՞ ենք ընդհանրապես ադրբեջանցիներին թողնում Հայաստան»: Կորելանը ավելի է բացում այդ հարցը ու ավելի լրջացնում «իրանցիների Հայաստանում հաստատվելու խնդիրը վաղուց կա և, ի դեպ, ունի ավելի լայն մասշտաբներ։ Ու այդ խնդիրը կլինի նույնիսկ գործարքի ձախողման դեպքում։ Եվ դա պետք է լուծել»: Հարցադրումը ճիշտ է ձևակերպված, որի համար իմ խորին շնորհակալությունը իրեն: Նշվում են երկու հնարավոր լուծումները, որոնք են՝« քյառթու փակում ես սահմանը» կամ էլ «պոլիտկոռեկտ արտահայտվենք` ինտեգրել»։ Կորեոլանի բավականին երկար տեքստից երևում է, որ նա հակված է ինտեգրելուն, քան սահմանը փակելուն: Այստեղ ես պետք է առարկեմ, որովհետև ինտեգրել կամ ձուլել հնարավոր չէ ընդհանրապես: Դա չի հաջողվել Եվրոպայում ու ԱՄՆ-ում, չի հաջողվի նաև մեր մոտ: Եվրոպական լիդերները ընդամենը անցյալ տարի մեկը մյուսի հետևից հայտարարեցին իրենց «մուլտի-կուլտի» քաղաքականության ձախողման մասին, իսկ ամերիկյան ձուլման կաթսայի «խոհարարները» վաղուց են ընդունել, որ ուզում էին «ապուր» եփել, բայց իրենց մոտ «սալաթ» ստացվեց: Հայաստանում հնարավոր չի նույնիսկ ինտեգրել Երևանում հաստատված իրանցիներին, էլ չխոսենք սարերում մեկուսի ապրող անասնապահների մասին: Հիմա մի հարց դեռևս միայն Երևանում պարսիկների ներկայությունից արդեն գրգռվող Կորեոլանին. բացի Երևանից նաև Սյունիքի սարերում ատրպատականցիների հայտնվելով մեր այս ուրախ կյանքը ավելի կլավանա՞: Ի՞նչ է պատրաստվում անել Կորեոլանը, միգուցե ինտեգրման-ձուլման սխեմաներ մշակել ու կիրառել ոչ միայն Երևանում հաստատված պարսիկների, այլ նաև Սյունիքի սարերի ատրպատականցիների համար: Մնում է միայն սահմանը «քյարթ փակելը», ինչը և ես առաջարկում եմ: Տերմինը՝ «քյարթ փակել», շատ լավն է, որի համար խորին շնորհակալություն իմ վիրտուալ ընկեր Կորեոլանին: Ընդ որում պետք է ստուգել, թե Երևանում տնավորված պարսիկները ի՞նչ իրավական հիմքերով են ապրում ու աշխատում: Հայաստանի աշխատաշուկան առանց այն էլ մեծ ծավալ չունի, և մենք իրավունք չունենք սակավաթիվ աշխատատեղերը թողնել օտարներին: Կարծում եմ, որ որպես տուրիստ կարելի է թույլատրել առավելագույնը 2 ամիս լինել Հայաստանում, եթե օրենսդրությունը այլ բան է ենթադրում, ապա փոխել է պետք այն: Մտահոգություն 2. Իմ հարգելի վիրտուալ ընկեր Կորեոլանը շատ համոզիչ կերպով ապացուցում է, որ մի քանի տարում Հայաստանի դեմոգրաֆիայի հերը չի անիծվի: Համաձայն եմ. այս պահին ու մոտ ապագայում օտար ներգաղթողների պրոբլեմը շատ սուր չէ, բայց 50, 70 տարի հետո մենք կհայտնվենք ոչ նախանձելի վիճակում: Եթե հիմա ոչ մի քայլ չանենք սահմանը «քյարթ փակելու» ուղղությամբ, ապա մեր երեխաները, թոռներն ու ծոռները ստիպված կլինեն պատերազմով լուծելու այդ հարցը: Այս պրոցեսին հանգիստ կարող է վերաբերվել միայն Հայաստանը ընդմիշտ լքել պատրաստվողը, ով իր կապերն էլ է ուզում խզել հայության հետ: Մեր պապերը մեզ այդ առումով լավ ժառանգություն չթողեցին, ինչն ուղղելու համար մեր սերունդը բազմաթիվ զոհերի գնով կարողացավ փրկել իրավիճակը: Ես չեմ ուզում, որ մեր թոռները մեր պատճառով ստիպված լինեն անցնելու նույն ճանապարհը: Կորեոլանի կողմից բերված բոլոր օրինակները հենց ապացուցում են մեր մտահոգության իրական լինելը: Հայաստանը դատարկվում է, իսկ Սյունիքը բացառություն չէ: Հարգելի Կորեոլանը կարող է գուգլել ու տեսնել, որ Սյունիքի մարզը նույնիսկ բնակչության կորուստ ունի վերջին տարիներին: Մեր կառավարությունը չփորձելով կանգնեցնել արտագաղթը կարևորագույն այդ մարզից, էլ չեմ ասում՝ չփորձելով վերաբնակեցնել, համաձայնում է ատրպատականցիներին երկարաժամկետ օգտագործման հանձնել մեր տարածքները, ըստ էության վաճառում է դրանք օտարներին: Լավ չէ, որ այս մտահոգությունը ավելի խորացնելով իրանցիների Երևանում գետտոյացման օրինակով, հարգելի Կորեոլանը վերջում այն անհիմն է համարում: Տրամաբանությունը չեմ տեսնում: Մտահոգություն 3. Անվտանգության հարցերում իմ հարգելի ընկեր Կորեոլանը ցուցաբերում է աններելի անհոգություն: Ստացվում է այսպես. քանի որՀայաստանում վխտում են լիքը լրտեսներ, ապա դրանց թվի հավանական աճը ռազմավարական նշանակության ավտոճանապարհի և գազամուղիերկայնքով լրացուցիչ ռիսկ չի ավելացնում: Տրամաբանությունը չեմ հասկանում: Մտահոգություն 4. Կորելանը համաձայն է ոչխարների վնասակար լինելու հետ. «ոչխարն արոտվայրի հերն, իհարկե, անիծում է», նույնիսկ առաջարկում է«արոտավայրերին հանգիստ տալ», որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Այստեղ կարելի է համեմատական վերլուծություն անցկացնել ավելի խնայողական տավարաբուծության հետ: Այդ թեմայով կա լավ վերլուծություն, որին ավելացնելու բան չունեմ:Մտահոգություն 5. Մեր գյուղերը համապատասխան տեխնիկայով ապահովելը լուրջ խնդիր է, որի լուծման ուղղությամբ կառավարությունը մինչ այժմ որևէ գործող մեխանիզմ չի ստեղծել: 50 հազար հեկտարը 25 դոլարով վարձակալությամբ տալով տարեկան ունենում ենք 1,25 միլիոն դոլար: Դա մեծ գումար չէ, այն կարելի է այլ աղբյուրներից ներգրավել, դրանով ավելացնելով մեր գյուղացիների պոտենցիալը նույն այդ հողերը օգտագործելու համար: Շարունակելի



