Իշխանության թեկնածուի հանդիպումները հրավիրատոմսերով են, ընդդիմություն հավակնող թեկնածուներն էլ իրենց հանդիպումների մասին լավագույն դեպքում Ֆեյսբուքով են տեղեկացնում: Բայց այ, Հրանտ Բագրատյանի նախընտրական հանդիպումներից մեկը Վանաձորում սրճարանում է եղել՝ մտերիմների հետ, մյուս հանդիպումն էլ միայն՝ մի քանի ԶԼՄ-ների հետ, ինչի մասին տեղեկացանք «Ազատություն» ռադիոկայանից եւ «Շանթից», որից նաեւ տեղեկացանք, որ գյուղերում նախատեսված հանդիպումներն ընդհանրապես տեղի չեն ունեցել: Մինչդեռ իր հայրենի գյուղում Բագրատյանն արդեն հասցրել է երկու անգամ լինել: Լավ, ո՞րն է գյուղերի նկատմամբ նման խտրականության կամ՝ ժողովրդից խուսափելու պատճառը: Չէ՞ որ Բագրատյանը ոչ միայն նախագահի թեկնածու է, այլեւ՝ պատգամավոր՝ ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի կողմից ընտրված, իսկ ժողովուրդը հույսով եւ հավատով ձայն է տվել ՀԱԿ-ին: Ի՞նչ է ստացվում. ՀԱԿ-ից ընտրվածն իրեն օտարում է ժողովրդից, ՀԱԿ-ն էլ փաստորեն ձեռքերը լվացել է իր թեկնածուից: Նորի՞ց պառակտում: Պարզապես զավեշտ է,որ ԱԺ-ում կողք կողքի նստող, նույն թիմով եկած մարդիկ արդեն իրար «ձեռնոց են նետում» եւ սա՝ ոչ միայն ՀԱԿ-ի պարագայում, այլեւ՝ «Ժառանգության» որի հետ միասին ընտրված «Ազատ դեմոկրատներն» էլ անջատվեցին «Ժառանգությունից». թեպետ ի սկզբանե էլ զգացվում էր, որ այդ միությունը չի երկարելու: 2003թվին ընդդիմադիր «Արդարությանը» ձայն տվեց ժողովուրդը՝ դաշինքը պառակտվեց, «Ազգային միաբանության» հետքն էլ չմնաց որպես ընդդիմություն: Հիմա, երբ «Ժառանգության» առաջնորդը համոզում է, թե փետրվարի 18-ը հայ ժողովրդի հաղթանակի օրն է լինելու, հիշում եմ Գեղամյանի ելույթները՝ 2007թ. ԱԺ ընտրություններին, երբ ասում էր, թե «լույս է բացվելու հայ ժողովրդի համար»: Մինչդեռ այդ կուսակցությունն անգամ խորհրդարան չմտավ: Իսկ 2008 թվի ՀԱԿ կարգախոսից՝ «Հաղթելու ենք», միայն հաճելի հուշեր մնացին: Այս պայմաններում այնքան էլ մեղադրելու չէ Լոռվա գյուղերից մեկում բնակվող այն տարեց կնոջը, որ մի քանի օրը մեկ զանգում ու հետաքրքրվում է, թե «ըտեղ կաշառք չե՞ն բաժանում»: Երբ բացատրում եմ, որ իշխանությունն իր ուժերին այնքան վստահ է, քանի որ բոլոր ռեսուրսներն ունի վերարտադրվելու (իրական մրցակցության բացակայության պայմաններում), որ կաշառք բաժանելու անհրաժեշտություն այլեւս չկա, առարկում է. «Բայց եթե ժողովուրդն ընտրության չգնա, ընտրությունը կայացած չի համարվի, դրա համար էլ ստիպված պետք ա փող բաժանեն»: Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդը մի կողմից ժողովրդին «դուխ» է տալիս, թե ժողովուրդը հաղթանակ է տոնելու, մյուս կողմից կասկածներ է հայտնում, թե ընտրությունները կեղծվելու են: Նախընտրական բուկլետում գոնե ասում է, թե «ՀՆԱՐԱՎՈՐ Է» հաղթանակը: Եւ նախընտրական հանդիպումները դիտելիս ակամա հարց է ծագում, թե ու՞մ հաղթանակի մասին է խոսքը, ու ակամա ուզում ես հարցնել. «Քաղաքացի, իսկ գործող նախագահի հաղթանակի դեպքում տե՞ր ես այդ հաղթանակին»:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/02/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել