Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինկի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրիոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Լավրովը համանախագահ երկրի ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂՀ հիմնախնդրին վերաբերող հրատապ մի շարք խնդիրներ, այդ թվում նաև՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնությունների վերաբերյալ մի շարք դրույթներ: Ներքաղաքական թոհուբոհը դեռ կիզակետում է․ խոսքը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ռուսաստանն էլ իր հերթին հեռու չէ նախընտրական պրոցեսներից, որոնք իրենցից որոշակի ժամանակ ու ռեսուրս են պահանջում, սակայն պարզ է, որ դրանից հետո ԼՂՀ հիմնախնդիրը նորից երևան է գալու և դառնալու տարածաշրջանում ամենակարևոր խնդիրներից մեկը: Առայժմ հարաբերական անդորր է թե՛ բանակցային, թե՛ սահմանում տիրող իրավիճակի պարագայում: Պատահական չէ, որ օգոստոսին, երբ Երևանում իրավիճակը լարվեց (խոսքը ՊՊԾ գնդի գրավման մասին է), սահմանում ադրբեջանական կողմը չակտիվացավ, և ավելորդ սրացումներ տեղի չունեցան: Կարո՞ղ է սա մաս կազմել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցություններին, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն տրամաբանությունը հուշում է դա չբացառել:
Պաշտոնական Մոսկվան իր հերթին ուշի-ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես գիտենք, ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, և նրա փոխարեն երկրի վարչապետ է լինելու ռուսական Գազպրոմի փոխտնօրեն Կարեն Կարապետյանը: Առայժմ դժվար է ասել, թե որը կլինի ապագա վարչապետի գործունեության հիմնական առանցքը, սակայն հայ-ռուսական հարաբերությունները, որոնք այս պահին առավել քան երբևէ ճգնաժամ են ապրում, հարկ է բերել նախկին տեսքի, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, կփորձի անել Կարապետյանը: Սա շատ կարևոր է նաև ԼՂՀ հիմնահարցի կարգավորման տեսանկյունից, քանի որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում, ճիշտ է, առայժմ որևէ հավաքական կերպով չեն արտահայտվել այս կամ այն կուսակցության կամ խմբի կողմից, սակայն չի բացառվում, որ այդ տրամադրությունները միս ու արյուն ստանալուց հետո սկսեն քաղաքականություն թելադրել նաև արտաքին հարցերում, որտեղ Հայաստանի համար, իհարկե, գլխավորը ԼՂՀ խնդիրն է: Այլ կերպ ասած՝ կարող են փոխվել Հայաստանի մոտեցումները հիմնահարցի կարգավորման հարցում, և տեսակետների ու մոտեցումների փոփոխման հարցում Հայաստանը հաստատապես հիմքեր ունի՝ հաշվի առնելով իր ռազմավարական դաշնակցի դիրքորոշումը Ապրիլյան քառօրյայի հարցում։