LA-ից Երևան տանող ճամփան, հարազատ է ինձ համար այնքան Ընկերներ, ծանոթ ու բարեկամ, From LA թռանք To Yerevan …Չէ, հարգելիներս, սա ամբողջ կյանքը արտասահմանում ապրած սփյուռքահայի աղավաղված նախադասություն չէ, սա Էմմիի նոր երգի առաջին տողերն են: Դատելով երգչուհու վերջերս լույս տեսած տեսահոլովակից ու երգից՝ ընդամենը 3 տարին լիովին բավարար է նորմալ հայերենը մոռանալու և օտար բառերով, ասել է թե՝ կրեաԾիվ տեքստով երգ երգելու համար: Ասել, որ երգն ու տեսահոլովակը միանգամից մի քանի տարով հետընթաց էր Էմիի համար, կնշանակի ոչինչ չասել: Ոճային առումով Էմմին ևս ոչնչով չուրախացրեց: Էմմիի լռությունից հետո ակնկալվող միակ բանը երգչուհուն նոր ամպլուայի մեջ տեսնելն էր, սակայն մենք տեսանք մի Էմմի, որին գիտեինք դեռևս «Հայեր» խմբից: Կերպարային առումով այսքան անհաջող Էմմին դեռ երբեք չէր եղել. բազմազան ու անհաջող կեղծամները, պատռված ջինսերը, մեկը զամշից, մյուսը լաքից երփներանգ կոշիկներն ուղղակի անտանելի են: Երգը լսելով, այնպիսի տպավորություն ստացա, կարծես ոչ թե Երևանը, այլ Լոս Անջելեսն է համայն հայության մայրաքաղաքը, դրա համար էլ ՛՛ընկերները, ծանոթներն ու բարեկամները՛՛ միայն ամառն են գալիս Երևան հանգստանալու:

collage

Մի հարցնող լիներ՝ ինչ ես մտածել դու Էմմի ջան, երբ որոշել ես երկրիդ զինանշանը, դրոշն ու ազգիդ սիմվոլ Արարատը օգտագործել քո ցածրորակ, անհեթեթ ու կոնկրետ ինձ համար հումորային այս հոլովակում: Դու գոնե հասկանու՞մ ես, որ քո երգած երգի թեմատիկան ու կադրերն իրար հետ ոչ մի կապ չունեն: Խոսում ես այն մասին, որ Լոսից ՛՛Երևան տանող ճամփան հարազատ է քեզ համար այնքան՛՛, բայց չգիտես ինչու, չես ասում, որ Երևանից Լոս տանող ճամփան էլ միակ մուրազդ էր, որը վերջապես իրականացրեցիր: Տեսահոլովակ ես նկարել, որտեղ կիքսերի մասին անգամ չեմ ուզում խոսել, այլապես էջս չի հերիքի: Բայց ամենասարսափելի կիքսը՝ սխալ նկարված Արարատ լեռը…

14080859_295067037532562_186239684_n

Գոնե կադրը հանեիք ու փրկեիք ձեզ այս խայտառակությունից, չնայաց ոնց պիտի հանեիք կադրը, եթե չեք էլ նկատել/կամ չգիտեք էլ/ , որ ձեր նկարի մեջ Սիսն ու Մասիսը տեղերով փոխված են: Դե իհարկե, ի՞նչ մի մանրուք է՝ հիմա կասես դու ու քեզ կպաշտպանեն մի քանի սուտի երկրպագուներ: Ասեմ՝ մանրուք չէ, լավ էլ մեծ, խոշոր սխալ է, աններելի սխալ… որովհետև սրանով ևս ապացուցեցիր, որ անգամ 3 տարին Լոսում ապրելու համար լրիվ բավարար է մոռանալ և՛ նորմալ հայերեն խոսքը, և՛ ճաշակով հագնվելը, և՛ թե ինչ տեսք ունի ազգիդ փառապանծ սիմվորը: Դոշիդ խփել ես Հայաստանի զինանշանը, կոշիկիդ սմբակին էլ LA /Լոս Անջելես/ իբր ի՞նչ… ուզում ես ասել հայրենասե՞ր ես, հայրենապա՞շտ ես ու թեև Լոսում ես ապրում, մեկա Հայաստանն ես սիրու՞մ… ՈՒ առհասարակ, չեն զգու՞մ մեր էստրադայի ներկայացուցիչները, որ արդեն համը հանում են երկրի պետական սիմվոլները ամեն անտեղի առիթով կլիպի ՛՛ռեկվիզիտ՛՛ սարքելու հարցում: Վերջիվերջո՝ չկա՞ մի օրենք, որը կսահմանափակի երկրի սիմվոլները օգտագործելու իրավունքը: Եզրափակելով միտքս ասեմ՝ Սուպեր Սաքոյի ոճի մեջ նկարված այս տեսահոլավակն ու անհեթեթ բառակույտով երգը էսթետիկ առումով իսկական հիմարություն են: Այս հոլովակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանից հեռացած և դրսում ապրող մեր աստղերը միայն հետընթաց են ապրում, զրկվում են իրենց երբեմնի հաստատած բարձր նշաձողից, դառնում են անդեմ ու կորցնում են իրենց ինդիվիդուալ բեմական կերպարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել