Բազմազան են այս օրվա համար հայրերի սահմանած սուրբգրային հատվածները: Սակայն առանձնացնենք մի քանի հատվածներ, որոնք, ըստ իս, առավել չափով կարող են այսօր զորացնել մեզանում հավատի ապրումն ու ընկալումը, հուշել, թե ինչպիսի´ն մենք պետք է լինենք մարդ-Աստված հարաբերության մեջ: 
Այս ամենի մեջ նախ շատ կարևոր է «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օր. 6.5) Մովսեսի պատվիրանը, որն ուղղակի ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի մեր աստվածճանաչողությունը, որ սիրես Նրան հոգով և էությամբ և ավելին` ամբողջ ուժով: Սակայն Մովսես մարգարեն մեզ հուշում է նաև, որ այս պատգամը մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն պիտի պահի իր հոգու ու մտքի մեջ, այլ պետք է նաև հաղորդի իր զավակներին, դրանց մասին խոսի, երբ «տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս» (Բ Օր. 6.7): Սա ոչ այլ ինչ է, քան` վկայություն: 
Ցավոք, մեզանում շատերը բավարարվում են միմիայն առանձնական հավատի փորձառությամբ. ես ընկալում, հավատում ու ապրում եմ և դա բավական եմ համարում, սակայն հավատն ավելին է, այն նաև վկայություն է, որ դառնում է գործ և հավաստում հավատի ճշմարիտ ընկալումն ու կենսագործումը: Չէ՞ որ հավատն առանց գործերի մեռած է:
Մարգարեն այսօր նաև զգուշացումներ է փոխանցում մեզ, որպեսզի մեր հոգևոր ճամփորդության մեջ չսայթաքենք. «Քո Տեր Աստծուն մի´ փորձիր» (Բ Օր. 6.16) և «Անսասա´ն պահիր քո Տեր Աստծու քեզ հաղորդած պատվիրանները, օրենքներն ու կանոնները: Կատարի´ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տեր Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար» (Բ Օր. 6.16): Մեր մարդկային բնությունը ճանաչելով է, որ Մովսեսը պատվիրում է չփորձել Աստծուն: Սակայն արի ու տես, որ շատ հաճախ Աստծու ողորմությանն ու բարությանն ապավինելու ներքո մենք ուղղակի փորձում ենք Աստծուն: Նույնն է, երբ երեխան, գիտենալով, որ սխալ է գործում, նայելով ծնողի աչքերին, շարունակում է իր չարաճճիությունը` գրեթե վստահ լինելով, որ շրջանցելու է պատիժը ծնողական սիրո պատճառով: Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ` ճիշտ կազմակերպելու կյանքը, որի բարօրությանը բոլորն են ձգտում: (հատված «Օրվա խորհուրդը. Մեծ պահքի ամենօրյա խորհրդածություններ» գրքից)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել