- Ապաշխարել նշանակում է հեծել, ցավել, այսինքն՝ զղջումով լաց լինել կատարած հանցանքի կամ մեղքի համար:
Ինչո՞ւ է Ապաշխարությունը խորհուրդ:
- Մարդ արարածը մեղանչական է: Թեեւ Մկրտության եւ Դրոշմի խորհուրդներով նա սրբվում է իր մեղքերից եւ որդեգրվում Աստծուն, սակայն բազմիցս մեղանչում է իր աստվածային որդեգրության պայմանների դեմ: Եւ երբ անդրադառնում է իր մեղքերին, զղջում եւ լաց է լինում, այսինքն՝ ապաշխարում է, ապա Աստված ներում է նրան եւ վերահաստատվում է նրա որդեգրությունը: Մարդու հոգեկան կյանքում կատարված այս փոփոխությունը խորհուրդ է:
Սրանից չի՞ հետեւում, թե ապաշխարությունը քաջալերում է մեղավորությունը:
- Ուզում եք ասել՝ քանի որ ապաշխարությունը մեղքերից սրբվելու միջոց է, մարդը կարող է գիտակցաբար մեղանչել, հետո ապաշխարել ու սրբվել: Այսպես մտածողներ եղել են եւ հիմա էլ կան: Սակայն այսպես մտածելն արդեն իսկ մեղք է եւ ներելի չէ որեւէ պարկեշտ մարդու: Քրիստոնեական կրոնի սկզբունքն է՝ աստվածային որդեգրության շնորհը կենդանի պահել մտքում եւ հոգում: Եվ եթե քրիստոնյան, հակառակ իր անկեղծ ջանքերի, որեւէ կերպ մեղանչի եւ զգա, որ մեղքով արատավորվել է իր քրիստոնեական նկարագիրը, ապա կարող է ապաշխարել եւ թողություն ստանալ: Իսկ եթե գիտակցաբար եւ դիտմամբ մեղանչի, ապա կչարաշահի Աստծո ներողամտությունը, որը ինքնին ծանր մեղք է, եւ այս դեպքում ապաշխարությունը կեղծ կլինի:
Ուրեմն, սահման կա՞ Ապաշխարության մեջ:
- Աստված չի կամենում մեղավորի մահը: Անսահման եւ անբավ է Նրա գթությունը: Բայց սա պատճառ չէ, որ քրիստոնյան չարաչար սխալ հասկանա աստվածային գթության նշանակությունը: Ընդհակառակը, նրա պարտքն է արթուն եւ պատրաստ գտնվել ամեն մի պատահականության եւ փորձության դեմ՝ մեղքի հրապույրներով չտարվելու համար:
Հետեւաբար մեղանչողը պետք է.
ա) սրտանց զղջա իր գործած մեղքերի համար եւ վճռի այլեւս չմեղանչել,
բ) ջերմեռանդությամբ եւ երկյուղածությամբ աղոթի, խոստովանի Աստծո առջեւ եւ թողություն խնդրի, որովհետեւ Աստծո համբերությունն ու քաղցրությունը մեղավորին առիթ են ընձեռում ապաշխարելու եւ արդարանալու (տես Հռոմ. Բ4):
գ) միշտ հիշի, որ ինքը փրկվել է Հիսուս Քրիստոսի Արյունով եւ պարտավոր է հետեւել Նրա անմեղ կյանքին:
Աղոթքը չմեղանչելու ամենագործնական միջոցն է: Ճշմարիտ աղոթողը մեղք չի գործում եւ չի կարող գործել:
Ի՞նչ է խոստովանությունը:
-Երբ մարդը խորապես գիտակցում է իր կատարած սխալը, ընդունում այն եւ հայտարարում իր խղճմտանքի, Աստծո եւ Եկեղեցու առջեւ, սա կոչվում է խոստովանություն, որին անմիջապես եւ անպայման հետեւում է ապաշխարությունը:
Ինչպես տեսնում ենք տրված բացատրություններից, խոստովանությունն ամենից առաջ կատարվում է մարդու խղճմտանքի մեջ՝ դառնալով ապաշխարության հիմքը. այլ խոսքով, հնարավոր չէ ապաշխարել առանց խոստովանելու:
Ապաշխարության համար ի՞նչ կանոններ ունի Հայաստանյաց Եկեղեցին:
-Մեր Եկեղեցին ունի քրիստոնեական վաղեմի Եկեղեցու կանոնները, այսինքն՝ պահք, աղոթք, հրապարակային խոստովանություն, զղջում, առաքինական եւ մարդասիրական գործեր ու պարտավորություններ եւ այլն:
Ապաշխարության օրերին աստվածային պաշտամունքի սաղմոսներն ու աղոթքները, շարականներն ու ընթերցվածները, հրապարակային խոստովանության ձեւերն ու կերպերը այնպիսի կարգավորություն ունեն մեր Եկեղեցում, որ անկարելի է նրանցից չազդվել եւ չապաշխարել:
Ի՞նչ կարիք կա այդպիսի արտաքին միջոցների. ավելորդ չե՞ն դրանք:
-Ոչ: Եկեղեցու ժողովուրդն ինքն իր մեջ մի ամբողջական միություն է կազմում: Նրա անդամները ոչ միայն այլեւայլ հարաբերություններով ու կապերով միացած են իրար հետ, այլ նաեւ եղբայրացած են սուրբ Ավազանի Մկրտությամբ, այնպես որ նրանցից մեկի առավելութունը կամ թերությունը ազդում է ամբողջ Եկեղեցու վրա: Սրա համար հրապարակային խոստովանությունները, իբրեւ Եկեղեցու շինության պայման, ուղղակի բխում են ժողովրդից, որ նույն ինքը Եկեղեցին է:
Ուրեմն, ո՞րն է մեր պարտքը:
-Աշխարհական, թե հոգեւորական, մեր բոլորի պարտքն է աշխատել մաքուր լինել մեր խղճի եւ Աստծո առջեւ, սիրով եւ լայնախոհ հոգով հարգել մեր սուրբ Եկեղեցու կարգ ու կանոնը, գործնականապես աշխատել նրա բարեկարգության եւ պայծառության համար:
Ցավոք, շատերը չգիտեն խոստովանության եւ ապաշխարության նշանակությունը եւ չեն զգում դրանց պետքն իրենց կյանքում, կան նաեւ այնպիսիք, ովքեր դրանք համարում են ձեւական, հետեւաբար՝ ավելորդ բաներ: Սակայն դրանք չեն կարող ավելորդ բաներ լինել, քանի որ մարդու ամբողջ կյանքը լի է վայրիվերումներով, թե հոգեւոր, թե կենսապայմանների իմաստով: Ամեն վերելք լի է անկում ապրելով, վտանգով եւ ընդհակառակը՝ ամեն անկում հույս ունի վերելք ապրելու: Հետեւաբար, ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը մարդու ամբողջ կյանքի համար են: Չարաչար մոլորված են եւ ստանուն նրանք, ովքեր կարծում են, թե իրենք ապաշխարել վերջացրել են եւ այլեւս փրկված են: Ոչ, ապաշխարությունը տեւական ուղեկից պիտի լինի մարդու կյանքում մինչեւ իր մահվան ժամը: Շատ մեծանուն սրբեր եւ անապական սրբակենցաղ հայեր, ովքեր իրենց կյանքն անցկացրել են հոգեւոր կյանքի մեջ խոստովանությամբ, ապաշխարությամբ, զղջումով եւ սրբությամբ իրենց մահվան մահճում, իրենք իրենց չեն համարել ոչ ապաշխարած եւ ոչ էլ երկնքի արքայության արժանի:
Աղոթական սիրով՝ Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն



