25 տարի առաջ
Ասում էինք, որ պայքարում ենք անկախության համար։ Եվ իսկապես պայքարում էինք։ Ոմանք ասում էին հանրաքվե է պետք, ոմանք ասում էին՝ պետք չէ։ Երբ իշխանությունն էր ասում՝ պետք է, ընդդիմությունը հակառակն էր պնդում, երբ իշխանությունն ասում էր՝ պետք չէ, ընդդիմությունն ասում էր, որ առանց դրա չի լինի ինքնորոշում և ժողովրդավարություն։ Երբ իշխանությունն ասում էր՝ հե՛-տո՛, շատերն ասում էին՝ հի՛-մա՛։
Անկախությունից 10-15-20 տարի հետո էլ էր այդպես։ Հիմա էլ է նույնը, և 25 տարի հետո էլ այդպես կլինի։
Քաղաքական պայքարն առավելապես հակառակորդին մեղադրելու արվեստն է։ Մամուլն էլ էր անփոփոխ. «դավաճանություն» բառը հաճախ էր հանդիպում, «Արցախը ծախում են»-ն էլ քիչ չէր, դե իսկ «Ազա՛տ, Անկա՛խ, Հա՛-յա՛ս-տա՛ն»-ը չէր իջնում թերթերի խունացող էջերից ու հեղափոխականությամբ տոգորված մարդկանց շուրթերից։
Մինչ մենք սպասում էինք ինչ-որ անտեսանելի փոփոխության, ինչ-որ մի հրաշագործ ոսկեդարի, երբ պիտի սկսենք մարդավարի ապրել, կյանքն անցնում էր։ Անցնում էր սրընթաց, ու մենք հետո, շատ հետո հասկացանք, որ հենց այդ ընթացքն էր կյանքը։
Ոչինչ նոր չէ արևի տակ՝ սերն ու ատելությունը, ծնունդն ու մահը, քաղաքական պարզունակությունն ու հույզերը, դեմագոգիան ու ցինիզմը, ամբոխահաճությունն ու խաբեությունը, պատերազմն ու խաղաղությունը։
Տեքստի մի փոքր հատված դնեմ, կարդացեք, թե օգուտ չլինի, վնաս չի լինի։ Հաստատ այսօր է գրվել...
* * *
«Ի տես մամուլում լույս տեսնող ջղային ու ջղայնացնող նյութերին և մանավանդ նիստերում հնչող որոշ ելույթների, մարդ մտածում է, որ ժողովրդի ներկայացուցիչներից ոմանք կորցրել են գլուխները, բռնել հակադրության և ամեն ինչ ժխտելու ուղին, փոխադարձ և հաճախ անտեղի մեղադրանքների ոճը։
Սակայն անհասկանալին այն մարդկանց վարքագիծն է, որոնք նույնիսկ այսպիսի պայմաններում փորձում են կուսակցական ու խմբակցական շահ ապահովել՝ չունենալով սեփական տարբերակներ, այլընտրանքային առաջարկներ։ Նրանք չխորշելով փաստերը շրջելու, աղավաղելու գործելաձևից, փորձում են վարկազրկել դիմացիններին, չմտածելով սեփական և ազգային վարկի կորստի մասին»։