Image result for Նաիրիտ«Նաիրիտ»-ի ներդրումների թեման պետք է դրվի հանրային քննարկման

Հայաստանյան տնտեսությանն առնչվող խնդիրների շրջանակում առավել չարչրկված թեման «Նաիրիտ»-ի հետ կապված թեման է, ներառյալ գործարանի վերագործարկումը, նոր ներդրումների ներգրավումը, աշխատողների աշխատավարձերի վճարումը և այլն: Այս առումով պետք է նկատել, որ սա ոչ ստանդարտ խնդիր է, քանի որ գործարանն ունի ահռելի չափեր, հետևաբար, թե՛ դրանում արվելիք ներդրումները, թե՛ մասնագիտական անձնակազմի վերապատրաստումը, թե՛ արտադրանքի սպառումը մեծ ջանքեր են պահանջելու: Ու այս հանգամանքն ինքնին բարդացնում է «Նաիրիտի» վերագործարկման գործընթացը, պահանջում տևական ժամանակ, անգամ տարիներ:

Հնարավոր ներդրողներ պարբերաբար հայտնվել են: Առաջարկել են այս կամ այն չափի գումար ներդնել, ցանկություն են հայտնել վերագործարկել «Նաիրիտ»-ը, առաջարկել են իրենց հարկային արտոնություններ տրամադրել և այլն: Բայց այս ամենում հարկավոր է ընդունել ու հասկանալ մի շատ կարևոր սկզբունք.

Գործարանը, լինելով լուրջ կառույց, պահանջում է մանրամասնորեն կազմված ծրագիր՝ իր բոլոր հիմնավորումներով՝ ֆինանսական ապահովվածությամբ: Խոսքն այստեղ վերաբերում է տասնյակ միլիոնավոր դոլարների և այն չի կարող ծախսվել հենց այնպես, առանց մանրամասն հաշվարկման: Ներդրում անելու պատրաստակամություն հայտնած Աշոտ Գրիգորյանի գլխավորած «EU-ASIA Business Finance Centre»-ը ևս պետք է հետևի այս սկզբունքին: Սակայն այս կազմակերպությունը վերջերս է հիմնադրվել և նրա փորձի ու պատրաստվածության մասին ոչինչ հայտնի չէ:

Այս առնչությամբ ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանն ասել է. «Ընդհանրապես «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի գործունեության հետ կապված կան բազմաթիվ հարցեր։ Այդ թվում՝ մեզ հայտնի չէ, թե նախկինում երբեւէ նման աշխատանք իրականացրե՞լ է, թե՞ ոչ, ունի՞ այդպիսի փորձ։ Այս հարցերի պատասխանները շատ կարեւոր են։

Այլապես ցանկացած ոք կարող է գալ եւ նման առաջարկություն անել։ Վերցնել «Նաիրիտի» բաժնետոմսերը, գրավադրել որեւէ բանկում, վարկ ստանալ, ծախսել ինչպես կամենա, իսկ հետո հայտարարել, թե վերագործարկման ծրագիրը չստացվեց, եւ բանկը կարող է գործարանի բաժնետոմսերը վերցնել վարկի դիմաց։ Մենք մտադիր չենք կանգնել նման իրավիճակի առջեւ»:

Այս առիթով հարկ է նաև ընդգծել, որ Նաիրիտի կուտակած բազմաթիվ պարտքերի մեծ մասը հենց անհաջող ներդրումների ու վերագործարկման չստացված փորձերի հետևանք են, որոնք այնուհետև փակվում են հարկատուների հաշվին՝ պետբյուջեից: Մյուս կողմից էլ Նաիրիտցիները ոգևորված են Ա. Գրիգորյանի առաջարկով ու պահանջում են կառավարությունից քննել առաջարկվող ծրագիրն ու աջակցել ներդրողին:

Սակայն, այս թնջուկը լուծելու համար հարկավոր է, որ թե՛ ներդրումներ անելու պատրաստ կողմը, թե՛ էներգետիկայի նախարարությունը ավելի բաց գործեն: Լրատվամիջոցներում հնչող կիսաառեղծվածային ու ոչ ամբողջական հայտարարությունների փոխարեն անհրաժեշտ է, որ կազմակերպվի որևէ ձևաչափով հանրային քննարկում, որին կմասնակցեն ներդրողները, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպության մասնագետներ, գործարանի աշխատակից-մասնագետներ և այլոք:

Նախ և առաջ ներդրում անելու պատրաստ ընկերությունն ավելի մանրամասն թող ներկայացնի իր ծրագիրը, մասնագետները կարծիք հայտնեն, նախարարության ներկայացուցիչներն էլ եթե մերժելու են, թող ավելի հիմնավոր ներկայացնեն իրենց կետերը: Այլապես էներգետիկայի նախարարության փակ գործելաոճը ևս մի շարք հարցերի ու կասկածների տեղիք է տալիս, ինչն էլ բարկացնում է նաիրիտցիներին: Եվ այդ ամենից խուսափելու համար հարկավոր է բաց, հանրային քննարկում, որտեղ բոլոր կողմերը կասեն իրենց ասելիքը:

Ի վերջո, «Նաիրիտ»-ն այն ձեռնարկությունն է, որի հետ կապված ծրագրերնն ու գործողությունները պետք է առավելագույնս մտածված ու կշռադատված լինեն՝ թե՛ իշխանությունների, թե՛ ներդրողների, թե՛ աշխատակիցների մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել