ՏԻՄ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Սեպտեմբերի 18-ին տեղի կունենան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իսկ հոկտեմբերի 2-ին Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների, ինչպես նաև՝ Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Ընդամենը մի քանի ամիս անց տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները, ուստի ՏԻՄ ընտրությունները լավ հնարավորություն են ընձեռում քաղաքական ուժերին` փորձելու իրենց ուժերը, հասկանալու հասարակական տրամադրությունները, ընդհանուր քաղաքական տենդենցները և պատրաստվելու 2017թ-ի ընտրություններին:
Թերևս այս հանգամանքը լավագույնս հաշվի են առնում նորաստեղծ քաղաքական ուժերը, որոնք փորձում են ակտիվորեն ներգրավել ընտրական պրոցեսներում` նպատակ ունենալով հայտնիություն ձեռք բերել և ժամանակի ընթացքում քաղաքական կապիտալ կուտակել: Այսպիսի քաղաքական ուժեր են օրինակ` ԳԱԼԱ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը», «Համախմբումը»: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այս քաղաքական ուժերի հաղթանակի գործակիցը հասցված է մինիմումի:
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների անցկացմանը՝ ընդդիմություն-իշխանություն շրջանակում ուժերի բալանսը խախտված է հօգուտ իշխանության, քանի որ չկա ընդդիմադիր մի ուժ, որը կկարողանա հակակշռել իշխանության թեկնածուներին և հաղթանակի շանսեր կունենա: Ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալիս տարանջատ և մեկուսի, ուստի նրանց չի հաջողվում համախմբված մուտք գործել ընտրական տիրույթ, որը կմեծացներ հաջողության հասնելու հնարավորությունը: Նույնիսկ Գյումրիում, որտեղ իշխանությունը քիչ աջակցություն է վայելում, իշխանության կողմից առաջադրված է թեկնածու, որը գրեթե դիմադրություն չունի:
Պառլամենտական ընտրություններին ընդառաջ, այսպիսի քաղաքական կոնյուկտուրայի պարագայում, երկու տարբերակ է հնարավոր` կամ օպոզիցիոն քաղաքական միավորները ՏԻՄ ընտրություններում ձախողվելով հիմքեր կստեղծեն խորհրդարանական ընտրություններում միասնական օրակարգով հանդես գալու համար, կամ կշարունակեն գործել անջատ ու կնախանշեն խորհրդարանական ընտրությունների ելքը ոչ հօգուտ իրենց: