
Հետաքրքիր բան է համացանցը: Այստեղ մեկ օրում կարող ես ազգի հերոս դառնալ, նույն արագությամբ էլ կարող ես փչանալ: Ու փչանալուցդ հետո ոչ ոք քո վրա նույնիսկ չի թքի: Անգամ շատ հեռվից չի թքի:
Մի տղա կա: Վայթեմ ռեժիսոր է: Սիրուն tattoo-ներ ունի ու սիրում է ազատությունից խոսել: Մի գիրք էլ ունի գրած ու հաճախ լեզուն մի կերպ պտտացնելով՝ իրեն գրող է հորջորջում: Վերջերս հատկապես շատ է ակտիվացել: Ազատությունից, տարբեր արատավոր երևույթների անընդունելիությունից է խոսում: Նույնիսկ մեկ-մեկ փորձում է պայքարել դրանց դեմ:
Գիտե՞ք, պայքարն էլ է հետաքրքիր բան: Ամեն մեկը պայքարել չի կարող: Մեծ մասը հեշտասեր է ու անգամ ալարում է յուր քամակը քորել, ինչ մնաց պայքարի ելնի: Մյուս մասն էլ, եթե նույնիսկ ցանկություն ունի պայքարելու, բայց նապաստակի սիրտ ունի ու սովորաբար անում է մեկ քայլ առաջ, ապա տասը քայլ հետ: Ու դրա արդյունքում լինում է այն, ինչ վերևում գրել եմ: Նրանք փչանում են, ընկերնե՛ր: Փչանում են:
Հիմա վերադառնանք մեր Սուրիկին: Սուրիկս պայքարել սիրում է, բայց նապաստակ է: Հիմա ասեմ ինչի:

Երեկ Սուրիկս բում արեց համացանցում՝ մի սկանդալային ֆոտո տեղադրելով, որտեղ երևում էր, թե ինչպես են «Րիվեր Այլանդ» հագուստի խանութուն պոռնկաբար նկարահանում հանդերձարանը, որտեղ շատ հնարավոր է Սուրիկի մորը, քրոջը կամ կնոջը նույնպես նկարահանած լինեին: Տուզիկ Սուրիկը խնդրում էր տարածել նկարը ու ստորացնել խանութի տնօրինությանը: Իսկ ֆեյսբուքցիները, ինչպես գիտեք, լավերին հասնել սիրում են: Ուս ուսի տվեցին, տարածեցին, խայտառակեցին:
Բայց առավոտյան արի ու տես տեղի է ունենում անսպասելին. մեր քաջ Սուրոն հեռացնում է նկարը: Ու դա անում է անգամ չխորշելով այն արձագանքից, որը այն գտել էր համացանցում: Առավոտյան իմանում եմ նաև, որ տխրահռչակ խանութը պատկանում է մեր սիմպածյագա օլիգարխին՝ «ՍԱՍ»-ի Արտակին, ում ստրուկները առավոտից զանգում են տարբեր կայքեր՝ խնդրելով/պահանջելով/առաջարկելով հեռացնել նկարը: Իրենց հեղինակությունն են փորձում փրկել видиш ли: Չէ, «ՍԱՍ»-ի արտակների վրա թքած: Որ նորմալ մարդիկ լինեին, օլիգարխ չէին լինի: Սուրոս էր ափսոս: Չնայած մարդ ես, մեկ էլ տեսար մոռացան, թե ով է Սուրոն: Հայերի հիշողությունը կարճ է: Տեսա՞ք՝ ինչպես մոռացան, երբ Սուրոն նույն պաթոսով քլնգեց «Շանթ» հեռուստաընկերությանը, ապա հաշված ժամեր անց գրառումը անհետ կորցրեց:
Էխ, լավագույն տղերքը փչանում են…
Կամ գուցե հեչ էլ լավագո՞ւյնը չէին:



