Այսօրվա սուրբգրային ընթեցումի մեջ Պողոս առաքյալը մեր մտորումների համար կարևոր պատգամներ է տալիս` հորդորելով. «Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին` հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին: Եվ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք, ի ծառայություն մեղքի մի´ պատրաստեք, այլ հանձնեցե´ք ձեզ` ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ» (Հռոմ. 6.12): Առաքյալի շուրթերով Տերը հրավիրում է մեզ հետևյալ անդրադարձումի` չծառայել մեղքին, այլ դառնալ արդարության գործիք` ծառայելու Աստծուն: Չէ՞ որ քրիստոնյան մեռնելով մեղքի համար, մերժելով ու դատապարտելով այն, կենդանի է Աստծու համար:
…Հասկանում ենք, որ դժվար է կատարյալ լինելը, ինչպես մեր Երկնավոր Հայրը: Բայց Աստված մեզ միշտ առիթ է տալիս ձգտելու դեպի կատարելություն` ներքին մաքառումով, մեղքի դեմ պայքարով, գիտակցությամբ, որ արդեն իսկ Քրիստոսի հետ տնկակից լինելով, մահվան իշխանության տակ չենք, այլ` շնորհի: Ուստի առաքելական այս հորդորները թող այսօր ապրեցնեն մեզ և առաջնորդող լինեն մեր գործերում` հիշելու խոսքը, թե «դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի` Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 6.11):
Մահվան և կենդանության այս ընկալմամբ դիտենք մեր շուրջը, քննենք մեր հոգին և կհասկանանք, թե որքան շատ են մեզանում կենդանի մեռյալները` մխրճված մեղքի սպասավորության և գերության մեջ: Ապրենք Քրիստոսով և միշտ կենդանի լինենք միմիայն Աստծու համար: (հատված «Օրվա խորհուրդը. Մեծ պահքի ամենօրյա խորհրդածություններ» գրքից)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/490473401015944?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել