Image result for turkey syriaԹուրքիան երեկ բացահայտորեն ներխուժեց սուվերեն երկիր Սիրիայի տարածք։ Կանոնավոր բանակի տանկային ոչ մեծ ստորաբաժանման կազմում թուրքական հրամանատարներն իրենց հրամանատարության ներքո ունեն նաև թուրք-ազգայնական "Գորշ գայլեր" կազմակերպության զինյալներ, նրանց են միացել նաև Սիրիայի հյուսիսային հատվածում բնակվող թուրքմեններից կազմված զինյալ ստորաբաժանումներ։

Արդեն 2 օր է՝ սիրիահպատակ քրդաբնակ շրջաններում իսկական ցեղասպանություն է իրականացվում․ դարձյալ թուրքական պետության ձեռքերով, դարձյալ օրենքից դուրս գործող զինյալ բաշիբոզուկների ներգրավմամբ՝ այս անգամ արդեն քրդերի հանդեպ, որոնց պապերն էին ժամանակին կատարում զինյալ բաշիբոզուկների դերը մեր հանդեպ։

Բայց դա էականը չէ, հարցն այն է, որ մինչ մենք 101 տարի ամբողջ աշխարհով մեկ բախում ենք գերտերությունների դռները և "ճանաչում ու դատապարտում" մուրում, նույն այդ լեշակեր գազանը մեզանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա հերթական եղեռնն է իրականացնում․ ու հիմա էլ մենք ենք լուռ հետևում․․․

Քավ լիցի, Հայաստանն այդ քաղաքական կշիռն ու ռազմական ներուժը չունի տարածաշրջանում՝ որևէ կերպ ազդելու այդ զարգացումների վրա, սակայն առնվազն որպես նախորդ դարասկզբին 1,5 մլն որդիներ կորցրած և մինչ օրս դրա արդարացի ճանաչման ու դատապարտման պայքարին ահռելի ջանք ու ռեսուրսներ ներդրած երկիր՝ պարտավոր է բարձրաձայնել այդ մասին, կոչերով ու հորդորներով հանդես գալ, բախել գերտերությունների ու միջազգային կազմակերպությունների դուռ ու պատուհանները։

Այլապես՝ լուռ հետևելով այլոց ցեղասպանությանը, մենք "որևէ կերպ, ինչ-որ տեղ" լեգիտիմացնում ենք այդ նույն գազանի՝ դարասկզբի գործողությունները մեր հանդեպ։ Լուռ համակերպվելով այդ իրավիճակին՝ ինքներս մեզ հետ, ապա նաև՝ մեր 1,5 մլն նահատակների հիշատակի առջև՝ ազնիվ չենք վարվում․․․

Նաև՝ առնվազն որպես Քրիստոնեության օրրան համարվող, տարածաշրջանային Երկիր․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել