Սուրբ Վալենտինի օրն ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ տոներից մեկն է համարվում, երբ սիրահարներին ընձեռվում է եւս մեկ առիթ ու հնարավորություն ասելու այն բոլոր չասված խոսքերը, որ ունեն իրենց սրտում: Տոնը նշվում է 16-րդ դարից սկսած: Տարբեր երկրներում ձեւավորվել են տարբեր ծեսեր ու ավանդույթներ, բայց ամեն տեղ հիմքում սերն է, սիրո յուրահատուկ խոստովանությունները: Օրինակ՝՝ բրիտանացիները սիրային բացիկներ են գրում ոչ միայն իրենց սիրելի էակներին, այլ նաեւ տնային կենդանիներին, Ճապոնիայում նվերներ են ստանում միայն տղամարդիկ: Կան նույնիսկ երկրներ, որտեղ կինն այդ օը կարող է սիրելի տղամարդուն խնդրել ամուսնանալ իր հետ, կամ այն տղամարդը, ով առաջինը կհանդիպի այդ օրը, անկախ իր ցանկությունից, պետք է դառնա այդ աղջկա «Վալենտինը»: Որոշ երկրներում էլ սիրելի կնոջն այդ օրը նվիրում են զգեստ. եթե նա ընդունի նվերը, ապա կնշանակի՝ ընդունում է նաեւ տվյալ մարդու հետ ամուսնանալու առաջարկությունը:
Հայաստանում եւս հատկապես վերջին տարիներին երիտասարդները տոնում են Սուրբ Վալենտինը, չնայած որպես սիրո տոն հայ առաքելական եկեղեցին ընդունում ու նշում է Սուրբ Սարգիսը: Բայց նկատենք, որ սիրո տոները երբեք չեն կարող շատ լինել...
Թե ինչպես են նշում օրը սիրահար զույգերը, դժվար չէ պատկերացնել` փուչիկներ, բացիկներ, սիրո օրիգինալ խոստովանություններ… Վերջին նորույթներից մեկ էլ այն է, որ որոշ երկրներում ինչ-որ կազմակերպություններ վարձու «բոյֆրենդ» են տրամադրում այն լեդիներին, ովքեր զույգ չունեն` տոնը նշելու, այն ուրախ անցկացնելու համար: «Հայաստանում նման բան պատկերացնելը դժվար է ու անգամ չպետք է թույլ տալ»,- LADYNEWS.am-ի հետ զրույցում նշեց երևանյան ամուսնական գործակալություններից մեկի տնօրենը: Նրա խոսքով՝ իրենք երբեք նման ծառայություններ չեն մատուցի. «Մեր հաճախորդներից շատերն այս օրերին են ամուսնանում, անցյալ տարի մոտ 80 զույգ է ամուսնացել, բայց ոչ թե փետրվարի 14-ին, այլ 13-ին: Իսկ ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինին, ապա կապված այդ տոնի հետ` մեզ մոտ ոչինչ չի արվում: Հաշվի է առնվում հայկական մենթալիտետը. մարդկանց ծանոթացնում ենք միայն ամուսնության նպատակով: Մերը հայկական կազմակերպություն է, իսկ հայերի մոտ այդ տեսակ վարձու բաներ չեն կարող լինել, դա անընդունելի է»: Իսկ թե ինչպես են օրն անցկացնելու այն տղաներն ու աղջիկները, ովքեր դեռեւս չունեն իրենց կողքին սիրելի էակի, հնարավո՞ր է` այդ օրը միայնակության զգացողությունը սթրեսների եւ նմանատիպ խնդիրների պատճառ դառնա LADYNEWS.am-ը փորձեց պարզել` զրուցելով «Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Սուսաննա Ավետիսյանի հետ: «Օրն իսկապես սթրեսային է համարվում այն մարդկանց համար, ովքեր չունեն զույգ. մեզ մոտ ներկա պահին էլ կա այցելու, ում մոտ անձնական կյանքը չի դասավորվում: Նա այդ թեմայից էլ է խոսել`շուտով Վալենտին օրն է, իր բոլոր ընկերները նշելու են, իսկ ինքը` ոչ. դա իրեն մեծ ցավ է պատճառում: Կապ չունի, թե մարդն ինչ տարիքում է. պատանեկան տարիքից սկսած՝ մարդիկ այդ օրը հայտնվում են դեպրեսիվ վիճակում»,- ասաց Սուսաննա Ավետիսյանը: Նրա խոսքով` մարդկանց մոտ հենց նմանատիպ օրերին է, որ սրվում է միայնակության զգացողությունը. զույգերն այդ օրերին իրար ավելի շատ նվերներ են տալիս, սիրո խոսքեր ասում, նշում` որպես սիմվոլիկ օր, իսկ այն մարդիկ, ովքեր միայնակ են եւ կողքից տեսնում են այդ ամենը, մեծ հավանականությամբ իրենց վատ են զգում: «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր շատ զբաղված են, աշխատում են ու ունենում են հագեցած առօրյա, միեւնույնն է, այդ օրը մտածում են ինչո՞ւ են իրենք միայնակ»,- նշեց հոգեբանը: Սակայն, ինչպես նկատեց Սուսաննա Ավետիսյանը, սխալ է սիրո տոնը անպայման կապել զույգի առկայության հետ: «Մի քիչ էլ անձնային որակները կապ ունեն. եթե մարդն ունի լավ ընկերներ, շրջապատ, ապա անպայման չէ, որ զույգ ունենա`տոնը նշելու եւ այն ուրախ անցկացնելու համար, լավատես մարդը կարող է իր ընկերների հետ էլ գնալ ինչ-որ տեղ ու շատ լավ նշել այդ օրը. առանց զույգի էլ հնարավոր է շատ լավ նշել այն` որպես սիրո տոն»,-բացատրեց մասնագետը:
Հոգեբանը խորհուրդ տվեց այդ օրն ուղղակի գեղեցիկ բացիկներ պատրաստել եւ նվիրել միմյանց. «Ի վերջո, կյանքում ամեն բան կախված է մեր դրական վերաբերմունքից. ինչպիսի տրամադրվածություն ունենանք, այդպիսի պատասխան էլ կստանանք»:



