Մի տափակ միտք ա ընկել շատերի գլուխները, թե իբր Կանաչյանը «Մեր հայրենիք»-ի մեղեդին թխել ա Գլազունովի «Ռայմոնդա» բալետից, ու դա մի մեծ սենսացիա ա, խորը հիասթափություն, կյանքից զզվել եւ այլն, եւ այլն: Ու կուտը հավեսով կերվեց, ո՞նց կլինի, վայ-վայ-վայ, հերթական խայտառակությունը: Ու կարեւորը, չեն ասում «վայ, ինչ նման ա», այլ միանգամից «Արյաաա, տես հա, թխել ա սրիկան»:
Փորձեցի մի քիչ փորփրել թեման, ցավոք, նյութերը քիչ են, բայց որ պլագիատի վարկածը շատ թույլիկ ա, դա հաստատ:
Նախ, սկսեմ անմեղության կանխավարկածից. ասենք թե, կան երկու մեղեդիներ, իրար շատ նման, ո՞վ է ձեզ թույլ տվել ըսենց քյասար մեղադրել Կանաչյանին, որ նա գող է: Ես էլ ասում եմ, որ Գլազունովն ա գողացել, դե ապացուցեք, որ տենց չի, կարող ա իրա տատիկի ընկերուհին հայ էր, գալիս էր իրանց տուն ու «Մեր հայրենիքը» երգում: Լավ չի, չէ՞, հնչում:
Բայց եկեք լուրջ նայենք: Նախ, «Մեր հայրենիքի» մեղեդիի հեղինակը Կանաչյանը չէ, այլ հայ արվեստի պայծառագույն դեմքերից մեկը՝ Քրիստափոր Կարա-Մուրզան, առաջին անգամ «Իտալացի աղջկա երգը» կատարվել է XIX դարի կեսերին, դա հայտնի փաստ է, ցավոք կարողացա միայն այս հղումը գտնել: Կանաչյանը հետագայում վերամշակել է երգը:
Իսկ Գլազունովը գրել է «Ռայմոնդան» մոտ 40 տարի անց, առաջին կատարումը Պետերբուրգում է տեղի ունեցել 1898 թվին:
Լավ, ասենք, Կանաչյանը կորցրել էր Կարա-Մուրզայից հասած նոտաները, ու ժամկետին հասցնելու համար որոշել էր Գլազունովից մի բան թխել: Ես կուզենայի, որ էս գողության վարկածը առաջ բրդողները ապացուցեն, որ Կանաչյանը ծանոթ էր Գլազունովի ստեղծագործություններին: Ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ ինտերնետ չկար, ոչ էլ Յություբ, ինչպես նաեւ ռադիո ու ԹիՎի, եւ համաշխարհային երաժշտության հետ ծանոթանալու երեք ձեւ կար՝ լսել կենդանի կատարում, կարդալ պարտիտուրան, մեկ էլ կարող ա հարեւանը գար, երգեր լսածը: Ըստ հանրագիտարանի՝ Կանաչյանը մինչեւ 1908 Բուլղարիայում եւ Բուխարեստում էր, եւ հայտնի չէ, արդյոք այդ թվերին նա եղել է Պետերբուրգում կամ Մոսկվայում, իսկ այդ ժամանակ, ինչքան ես հասկացա, «Ռայմոնդան» կարելի էր տեսնել միայն Ռուսաստանի երկու մայրաքաղաքների բեմերին:
Տեսե՞լ էր արդյոք Կանաչյանը պարտիտուրան, թե՞ չէ՝ հայտնի չէ, բայց դժվար, քանի որ նորից ինտերնետ չկար, ներբեռնել չէր կարող, իսկ այն ժամանակ դժվար թե այդպես արագ գրականությունը տարածվեր աշխարհի բոլոր երաժշտական կենտրոններով: Հարեւանի տարբերակն էլ կասկածելի է: Դրանից հետո Կանաչյանը տեղափոխվում է Պոլիս, հետո Տիգրանակերտ, աշխատում է Կոմիտասի հետ, ու էդ խառը թվերին Թուրքիայում դժվար թե առիթ ունենար Գլազունովի ստեղծագործությունների ՍիԴին լսելու:
Այնպես որ, մինչեւ ինձ (այո, անձամբ ինձ) չապացուցեն, որ.
Ա. Կարա-Մուրզան 1898-ից ուշ է գրել «Իտալացի աղջկա երգը»
Բ. Կանաչյանը մշակելուց՝ աղավաղել ա Կարա-Մուրզայի մեղեդին
Գ. Կանաչյանը ծանոթ էր Գլազունովի «Ռայմոնդա» բալետին
ես բոլորին կասեմ, որ այդ վարկածը զրպարտանք է ու ապուշություն:
Հ.Գ. Վեճերից հետո որոշեցի շարունակությունն էլ գրեմ: Քանի որ Կանաչյանին մեղադրողները համաձայն են միայն ենթադրություններով ապացույցների, ապա ես էլ առանց փաստերի ենթադրություններ անեմ:
Ինչպես տեսա ես, հայտնի չէ՝ կար արդյոք տեսական հավանականություն, որ Կանաչյանը ծանոթ էր Բորոդինի ստեղծագործություններին եւ հատկապես «Ռայմոնդային»:
Բայց կարող եմ ցույց տալ, որ հնարավոր է Բորոդինը ծանոթ լիներ «Իտալուհի աղջկա երգին»: Ըստ երեւույթի, այս երգը սովորական չէր, այլ մանիֆեստի պես մի բան, բանաստեղծության հեղինակն էլ վառ գործիչ Միքայել Նալբանդյանը: Այդ պատճառով այս երգը հայտնի էր հայկական առաջադեմ շրջաններում (եթե այդպես չլիներ, հիմնը ընտրելուց սա չէին ընտրի), որոնք, անշուշտ, կապեր ունեին նաեւ Ռուսաստանի գործիչների եւ բացառված չէ, որ ակումբներից կամ սալոններից մեկում Բորոդինը, որը բավականին ակտիվ հասարակական կյանքով էր ապրում, պաշտպանում էր ուսանողների եւ կանանց իրավունքները եւ այլն, լսած լիներ այս երգը: Երկրորդ հանգամանքը, բազմաթիվ օրինակներ կան գերմանական, իտալական, ռուսական օպերայի պատմության մեջ, երբ օգտագործվում են երգերը, ժողովրդական թե հեղինակային: Օրինակները ինքներդ կգտնեք, իսկ վերջում շատ հետաքրքիր նախադասություն, ահա
В музыке Бородина слышатся мелодии и русской народной песни, и музыки народов Востока.
Իհարկե, ՀԳ-ն լուրջ չէր, բայց իմ կարծիքով շատ ավելի համոզիչ: