Մեքսիկայում պատվով հողին են հանձնել 153 տարի առաջ վախճանված «կին-կապիկին»: Յուլյա Պաստրանայի՝ «աշխարհի ամենատգեղ կնոջ» մնացորդները մահից 153 տարի անց հողին են հանձնվել նրա հայրենիք Մեքսիկայում:

1834թ. ծնված Յուլյա Պաստրանան ի ծնե տառապում էր հիպերտրիխոզով եւ լնդերի հիպերպլազիայով: Նրա մարմինն ու դեմքը պատված էին կոշտ սեւ մազերով: Անսովոր արտաքինի համար նրան անվանում էին «կին-կապիկ» կամ «կին-արջ»:

1854թ. Ռայթս ազգանունով մի ամերիկացի նրան համոզել էր գումարի դիմաց հանդես գալ Նյու Յորքի «այլանդակների» շոուում: Որոշ ժամանակ անց «կին-կապիկին» գնել էր Թեոդոր Լենթը եւ իր հետ համաշխարհային շրջագայության տարել: XIX դարի 50-ականների շոուն ցուցադրվել էր Եվրոպայում:

1857թ. Լենթն ամուսնացել էր Յուլյայի հետ, երկու տարի անց նրան եւ շոուի մնացած մասնակիցներին տարել էր Ռուսաստան: 1860թ. Պաստրանան Մոսկվայում երեխա էր լույս աշխարհ բերել, որի մարմինը մոր նման ամբողջովին մազածածկ էր: Սակայն երեխան ընդամենը երեք օր է ապրել, իսկ նրա մահից հինգ օր անց տենդից մահացել է նաեւ մայրը, գրում է NEWSru.com-ը:

Երեխային եւ մորը մումիա են դարձրել՝ ցուցահանդեսներում ներկայացնելու համար: Երբ նրանց հանդեպ հետաքրքրությունը նվազել է, Լենթը նրանց փոխանցել է «զարմանքների» շրջիկ թանգարանին:

Յուլյա Պաստրանայի մնացորդները 1921թ. գտնվել էին Նորվեգիայում՝ ոմն Լունդի մոտ, որը դրանք ցուցադրում էր իր «սարսափների սենյակում»: 1979թ. Պաստրանայի մումիան գողացել էին, բայց ոստիկանությունը գտել էր մնացորդները: Սկզբում դրանք պահվում էին Օսլոյի դատաբժշկական թանգարանում, իսկ 90-ականներից ի վեր՝ համալսարանի մարդաբանության ամբիոնում՝ կնքված դագաղի մեջ: 2012թ. ապրիլին համալսարանը Մեքսիկայի իշխանությունների բազմամյա խնդրանքներից հետո համաձայնել էր մարմինը հայրենիք ուղարկել:

Մեքսիկայում Յուլյա Պաստրանայի մարմինն ամփոփող ճերմակ դագաղը շրջապատված է եղել ճերմակ վարդերով, արարողությանը մեծ թվով հայրենակիցներ են եկել հարգանքի տուրք մատուցելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել