Երգչուհի Արփին և թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը ևս այս տարի Աստծո օրհնություն են ստացել: Երաժիշտների հարսանյաց հանդեսի անակնկալն էլ Հայկ Կասպարովի և Արման Հովհաննիսյանի ներկայությունն էր, ովքեր, ինչպես կարծում էր Արփին, այդ ժամանակ պետք է Հայաստանի սահմաններից դուրս լինեին: ArmStar.am-ը զրուցել է երգչուհու հետ և  պարզել,  որ Արփին երբեք էլ ակտիվ չի եղել Տյառնընդառաջի տոնին: Նա երբեք կրակի վրայով չի թռչել, չի ձգտել մասնակցել այդ արարողությանը: Նշենք, որ Արփիի և իր ամուսնու նախասիրություններն այս հարցում համընկնում են` Ալբերտը ևս մեծ նշանակություն չի տալիս այդ ավանդույթին: «Մենք այդ օրը եկեղեցի կգնանք ու կանցնենք մեր աշխատանքային առօրյային»,- նշեց Արփին:

Երգչուհու համար ոչ մի խորհուրդ չունի նաև Սուրբ Վալենտինի օրը, քանի որ նախընտրում է Սուրբ Սարգսի տոնը, որի մեջ «հայկականություն» կա:  «Իսկ առհասարակ սիրում եմ ոչ մի բանից տոն սարքել, այլ ոչ թե հետևել բոլոր տոներին, քանի որ ԱՅԴՊԵՍ ԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ»,- ասաց Արփին:

Քանի որ երգչուհին ուշադրություն չի դարձնում այդ տոներին, հետևաբար չունի նաև դրանց հետ կապված հիշողություններ: Վերջին տարիներին Արփին այդ օրը սիրային երգեր է երգում` նվիրելով դրանք տոնի սիրահարներին: «Իսկ ամուսնուս հանդիպելուց հետո, մեծամտություն չթվա, ամեն օրն ինձ համար սիրո տոն է»,- նշում է երջանիկ երգչուհին: Այս տարի ևս բացառություն չի լինի, և Արփին տոնը կանցկացնի բեմի վրա:

Սերը Արփիի շուրթերից հետևյալ սահմանումն ունի` «Այն փոխադարձ հարգանքի, փոխզիջման, խնդիրներին հանգիստ ու խաղաղ լուծում տալու, հեռուն պայծառ տեսնելու կարողության մեջ է»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է Ալբերտը սեր խոստովանել Արփիին, և ինչ կարծիք ունի երգչուհին այն կարծրատիպի մասին, որ առաջինը տղամարդը  պետք է խոսի իր զգացմունքի մասին: «Նրա կողմից առաջարկությունը եղել է եկեղեցում` Աստծո խորանի առջև, ես էլ մեծագույն սիրով ընդունել եմ այն: Իսկ ընդհանրապես, սերն այնպիսի վեհ զգացմունք է, որ երբեք կարևոր չէ, թե ով առաջինը կխոստովանի: Դրա համար ամաչելու ոչ մի պատճառ չկա: Միայն էժանագին հոգի ունեցողները կարող են քննադատել դա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել