Այս տարի հունվար ամսին համացանցով մի տեսանյութ տարածվեց, որը պատմում էր ծառայության ժամանակ մահացած Ժորա Մկրտչյանի ընտանիքի սոցիալական ծանր դրության մասին: Իրոք սահմռկեցուցիչ պատկեր էր: Ի տարբերություն միայն «երգիրը երգիր չի» ասող սուտ հայրենասերների՝ նա որոշեց ամեն գնով օգնել այդ ընտանիքին: Ի տարբերություն միշտ պատճառներ որոնողների՝ նա որոշեց միջոցներ գտնել: Նա 3 ընկերների հետ Ֆեյսբուքի իր էջում «իրադարձություն» ստեղծեց, որի միջոցով դրամահավաք կազմակերպեց, այնուհետև դրամահավաքը շարունակեց Օպերայի բակում, սակայն 3 ժամ անց ոստիկաններն արգելեցին՝ պատճառաբանելով, որ չունեն քաղաքապետարանի թույլտվությունը: Եղան մարդիկ, որ հեգնեցին նրան, որոշները ծաղրեցին, սակայն բարեսիրտ մարդիկ ավելի շատ եղան: Արդյունքում հավաքվեց 130000-ից ավել գումար, հագուստներ և սնունդ: Փետրվարի 10-ին արդեն նա Լուսակնում էր. ամբողջ գումարը՝ սննդով և հագուստով հանդերձ հանձնեց ընտանիքին: Սկզբից որոշել էի անունդ չգրել, բայց հետո փոշմանեցի, թող բոլորն իմանան, թե ինչպիսի մարդիկ կան մեր կողքին, որոնց չգիտես ինչի չենք նկատում, նկատում ենք միայն վատն ու միջակներին, բարձր գոռացողներին, իսկ իսկական հումանիստները ծանր քարի պես միշտ ծովի հատակում են: Ապրես, Մարիամ Այդինյան ջան, կամ ոնց ես եմ քեզ ասում՝ Մայրո ջան: Մենք հպարտանում ենք քեզանով, դու իրոք մեծ մարդ ես ու շատ համեստ, որ երբեք չշահարկեցիր: Գիտեմ՝ նեղանալու ես, որ գրեցի քո մասին, բայց ասեմ՝ գրեցի, որ քո օրինակը վարակիչ լինի բոլորի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել