Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խստացնում է բնակելի շենքերի նկուղներում ու առաջին հարկերում գործող ժամանցի կենտրոնների աշխատանքի հսկողությունը։ Ժամը 24:00–ից հետո աշխատելու թույլատվություն չի տրվի այն ժամանցային կենտրոններին, որոնց աշխատանքի վերաբերյալ կբողոքի թեկուզև մեկ բնակիչ։ Սահմանել հսկողություն գիշերն աշխատող հանգստի վայրերի նկատմամբ, իհարկե, պետք է։ Ես, օրինակ, ապրում եմ քաղաքի կենտրոնում, ու ինձ լրջորեն նյարդայնացնում է, երբ այնտեղից դուրս եկած հարբած հաճախորդները հայհոյում են պատուհանների տակ։ Սակայն տեղափոխենք քաղաքապետարանի նախաձեռնությունը հայկական իրականություն ու կտեսնենք, որ այն բացում է «կլյաուզնիկության» միջոցով հարց լուծելու խնդիր ու ռիսկեր է ստեղծում պատշաճ աշխատող գործարարների համար։ Անշուշտ, լուրջ խնդիր լուծել փորձելով, քաղաքապետարանը պատշաճ գործող բիզնեսի համար էլ է բազմաթիվ ռիսկեր ստեղծում։ Դիցուք, Դուք ունեք մի սրճարան, բար, փաբ, ժամանցի կենտրոն, որն աշխատում է նաև գիշերվա 12-ից հետո։ Ու Դուք ունեք նաև անձնական թշնամի, որն ունի Ձեզ վատություն անելու լուրջ ցանկություն, կամ գործնական մրցակից, կամ ուզում է Ձեր հաճախորդների հաշվին իր հաճախորդների քանակն ավելացնի։ Այսուհետ նրան Ձեզ վնասելու կամ Ձեր գործն ընդհանրապես ոչնչացնելու համար անհրաժեշտ է ընդամենը գտնել մի բնակիչ, որը փողի համար կամ զուտ վատություն անելու համար պատրաստ կլինի քաղաքապետարան նման բողոք ներկայացնել։ Երկրորդ՝ բնակիչներն արդեն վճարում են քաղաքապետարանին, որպեսզի նրա համապատասխան վարչություններն իրենց աշխատանքը կատարեն՝ հաստատելով աղմուկի թույլատրելի նորմեր և լուրջ տուգանքներ, ոչ թե աջակցեն «կլյաուզնիկությանը»։ Ու վերջիվերջո՝ ո՞վ ասաց, որ ժամը 23:45 որևէ «օբեկտից» լսվող տաշ–տուշն ու երաժշտությունը խանգարում է ավելի քիչ, քան նույն տաշ–տուշը 12։05–ին կամ 20։40-ին։ Ավելի ճիշտ չէ՞ 12-ից հետո աղմուկին դեմ բնակիչներին բողոք գրել դրդելու փոխարեն ստեղծել այնպիսի նորմատիվներ, որպեսզի բնակիչը չանհանգստանա շրջակայքում գտնվող «օբեկտի» պատճառով ո՛չ ցերեկվա ժամը 4-ին, ո՛չ գիշերվա ժամը 3-ին։
Նյութի աղբյուրն՝ այստեղ