Պարոն Խզմալյան, ՀՀ-ն շատ հեռու է ձեր սադրիչ պատկերացումներից
Հայաստանյան քաղաքական դաշտում կան անձինք, քաղաքական գործիչներ, ովքեր առանձնանում են իրենց մեկուսացվածությամբ ու ծայրահեղական մոտեցումներով: Այդպիսիներից մեկը՝ Տիգրան Խզմալյան անունով, 1in.am-ին տված հարցազրույցում նշել է, թե «Հայաստանում չկան կուսակցություններ», «Հայաստանում սկսվել է հասարակական շարժումների փուլը», «Հայաստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի եզրին»:
Ես կուզեի անդրադառնալ Տ. Խզմալյանի արտահայտած այդ մի քանի մտքերին, որոնցում հեղինակն ակնհայտորեն ծայրահեղ ու միակողմանի մոտեցում է ցուցաբերում:
Այսպիսով՝ պարոն Խզմալյան, Հայաստանում կան կուսակցություններ ու եթե որևէ կուսակցություն չի աջակցել զինված գործողություններին, դա դեռ չի նշանակում, որ կուսակցություններ չկան: Ինչի՞ մենք ի վերջո ականատես կլինեինք, եթե հայաստանյան կուսակցությունները հետևեին Սասնա ծռերի գործողություններին ու միայն այդ պարագայում մենք իսկապես կանգնած կլինեինք քաղաքացիական պատերազմի շեմին:
Իսկ այժմ մենք դեռ հեռու ենք այդ շեմից և մեզ այդ կողմ են հրահրում Տ. Խզմալյանի նման ծայրահեղականները: Իսկ հեռու ենք, քանի որ հայ հասարակությունը ողջախոհություն է դրսևորում: Հեռու ենք, քանի որ, ինչպես ականատես եղանք, նույնիսկ Սասնա ծռերին համակրող զանգվածը միայն խաղաղ աջակցելու կոչերով էր գնում Խորենացի: Հեռու ենք, քանի որ ակցիայի մասնակիցներին առաջնորդողները ևս հիմնականում դրսևորում էին խաղաղասիրական կեցվածքը:
Իսկ ինչ վերաբերվում է հասարակական շարժումների փուլին, պետք չէ, պարոն Խզմալյան գերագնահատել այդ փուլի դերը, քանի որ մենք տեսանք, թե որքան ոչ կայացած ու թույլ են այդ շարժումները: Եղեք անկեղծ ու համեմատականներ անցկացրեք այդ շարժումների ու նախկինում կուսակցությունների առաջնորդած շարժումների միջև: Այս ամենը, ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում, պարզապես խեղկատակություն է: Վստահ եմ, ինքներդ էլ գիտեք:
Իր անկազմակերպ ու անհեռատես բնույթով հանդերձ: Եթե Հայաստանում սա համարում եք նոր փուլ ու մեր քաղաքացիական պոտենցիալը սա է, ուրեմն մեր հասարակությունը լուրջ խնդիրներ ունի: