Հրայր Թամրազյանի հարցազրույցը Լեւոն Զուրաբյանի հետ ուղղակի ցնցող էր: Եւ այն էլ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը:
Հետո ի՞նչ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է:
Ո՞նց կարող էր այդքան դեմագոգիան, այդքան մարդատյացությունը, այդքան նյութապաշտությունը, այդքան փարիսեցիությունը, այդքան սուտը, այդքան անազնվությունը տեղավորվել այս օրվա մեջ:
Հրանտի հոգին ո՞նց դիմացավ էդ ցավին ու ծանրությանը:
Լսում ես այդ հարցազրույցը ու հասկանում, որ ՀԱԿ-ը չքանդվել չէր կարող:
Լսում ու հասկանում ես, որ չի կազմվելու այդ ՀԱԿ կոչված նոր կուսակցությունը եւս:
Լսում ու ցավով արձնագրում ես` էս ուր հասավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, էս ինչ ծնեց:
Այնպես չեմ ուզում որակումներ տալ. չի ստացվում. լսում ու ինձ թվում էր, թե «պոլիցայ» էր խոսում: Գերմանական օրերից մեզ մոտ մնացած:
Թե ինչ ասաց Զուրաբյանը Բագրատյանի, մնացյալի մասին՝ դիվանագիտական, քաղաքական, մարդային նիշերը բնաջնջելով, իր գործն է:
Դատաստանն իմը չէ:
Բայց որ մարդն իր չարության մեջ այնքան ինքնամոռացվի, այնքան խորանա, որ հայտնվի տրանսի ու նիրվանայի մեջ` ասելով, որ Քոչարյանն ավելի լավ նախագահ է եղել: Այնքան հիանա Ծառուկյանով եւ նրա հետ «համագործակցությամբ», որ կորցնի տարրական ինքնապահպանման բնազդը, որ պնդի` այո, Քոչարյանի օրոք ավելի լավ էր, դա արդեն ոչ թե նոնսենս է, այլ աստրալ ոլորտում եղողի հայտնի վիճակ:
Ավելի ազնիվ կլիներ, որ նույն այդ տրանսից նա պարզապես ասեր.
-ՀԱԿ նոր կուսակցությունը ստեղծվում է հենց Քոչարյանի համար, նրա ոտքի տակ պատվանդան դառնալու համար:
Լեւոն Զուրաբյանի կատարմամբ. Տեր-Պետրոսյանի մագիական ռեժիսուրայով:
Ափսոս. որքան ափսոս: Եւ այն էլ Հրանտի ծննդյան օրը:
Իրե՞նք չէին ասում` Հրանտը մահացավ էս իշխանություններին «բանն», որ ի սկզբանե էր, ասելու անկարողության ցավից:
Հրանտը մահացավ տասը տարի առաջ, ի դեպ, երբ Քոչարյանն էր իշխանության:

Հ.Գ. Ինքն արդեն կապ չունի վար մնացած էս թիքյա փախցնողների հետ:
Ճախրի, Հրանտ, որքան կարող ես` հեռո՜ւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել