Հուլիսի 17-31 ընկած ժամանակահատվածում երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցան ցավալի իրադարձություններ: Ցավալի այն պատճառով, որ այդ օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունների հետևանքով զոհվեց 3 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիներ և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան:
Վերոգրյալ ժամանակահատվածում քաղաքական դիսկուրսը բավականին իռացիոնալ և լարված բնույթ էր կրում: Այդ դիսկուրսի ընթացքում դաշտում գերիշխում էին անհանդուրժողականության, ատելության խոսքի քարոզի և բազմակարծության մերժման արատավոր երևույթները: Եվ, որքան էլ ցավալի և զարմանալի է, վերոգրյալ արատավոր երևույթներն իրականացվում էին «Սասնա ծռեր» խմբավորման կողմնակիցների կողմից:
Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր, որ համացանցում բոլոր ադեկվատ մտածողության տեր օգտատերերը կորցրել են բանականության հետ կապը և զբաղված են ակնհայտ բռնության քարոզով: Սպանված ոստիկանների մահը մեծ ուրախությամբ էր ընդունվում ՊՊԾ գունդը գրաված խմբավորման աջակիցների կողմից, և հատկապես ֆեյսբուք սոցցանցում որոշ մարդիկ այնպիսի ընդհանուր տպավորություն էին փորձում ստեղծել, որ իբր ողջ հայ հանրությունն ուրախանում և ցնծում է ոստիկանության սպանությունների փաստերով:
Իրավիճակն առավել խորն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ այդ տպավորությունը ստեղծելու համար «Հիմնադիր խորհրդարան»-ը մի լավ նախապատրաստություն էր տեսել և, մասնավորապես, Ֆեյսբուք սոցիալական ցանցում 200-ից ավել կեղծ օգտահաշիվներ էր պատրաստել այդ «սրբագույն» առաքելությունն իրականացնելու համար: Բացի կեղծ օգտահաշիվներից ֆեյսբուքում բավականին մեծ հրճվանքով բռնության կոչեր անելով, ատելության խոսքի քարոզով, սպանված ոստիկանների արյամբ հրճվելով էին զբաղված նաև վաղուց ՀՀ-ից հեռացած և իրենց բարեկեցիկ կյանքն արտասահմանյան երկրներում ապահոված որոշ հայ օգտատերեր: Հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո այս օգտահաշիվները ֆեյսբուք սոցիալական ցանցում զգալիորեն պասիվացան, սակայն, անկախ այդ հանգամանքից մենք այսօր հրապարակում ենք վերոնշյալ կեղծ օգտահաշիվների և արտասահմանում բարեկեցիկ կյանքով ապրող, բայց մեր երկրում արյունահեղություն հրահրող և խրախուսող օգտահաշիվների ցանկը:
Հ.Գ. Ըստ իրենց իսկ խոսքերի՝ այս ընթացքում ընդհատակ են անցել «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար կազմի անդամներ Գարեգին Չուգասզյանն ու վերջին օրերին նույնիսկ հարբեցողության հետ խնդիրներ ունեցող տղամարդկանց հատուկ հայհոյանքներով և ոչ պարկեշտ բառապաշարով գերազանցած Սյուզան Սիմոնյանը: Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կեղծ օգտահաշիվների մեծամասնությունը նույն բառապաշարով և երբեմն նաև նույն տեքստերով էր անում իր «աշխատանքը», ինչպես նաև հաշվի առնելով վերոգրյալ երկու անձանց ընդհատակյա գործունեության հավանական զբաղվածության աստիճանը՝ հիմքեր ունենք ենթադրելու, որ հայհոյախառն լուտանքները համացանցում կեղծ օգտահաշիվներով տարածելու ողջ գործընթացը համակարգվել է հենց Սյուզան Սիմոնյանի և Գարեգին Չուգասզյանի կողմից:
Կեղծ օգտահաշիվների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ