Իսկ սպանվածների մասին խոսելու՞ եք
ՊՊԾ գնդի գրավման օրերին, որքան էլ որ հանրային դաշտում տիրում էր «ոչ մի զոհ» եզրույթը, այնումանենայնիվ արդյունքում ունեցանք 3 զոհ: Վերջին օրերին կարծես քիչ է խոսվում այս ամենի մասին:
Սասնա ծռերի փաստաբանների՝ իրավական հարթության վրա գործունեության վերաբերյալ գնահատականներ չեմ փորձի տալ, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել վերջիններիս՝ հանրային դաշտում արած կոչերին ու հայտարարություններին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սասնա ծռերի փաստաբաններից մի քանիսն ասել են, որ Հայաստանում բոլոր ատյանները սպառելուց հետո նպատակ ունեն դիմել միջազգային կառույցներին: Թե ինչ կանեն փաստաբանները, ում կդիմեն, իրենց սահմանադրական իրավունքն է:
Այնուամենայնիվ կողքից նայողի աչքով՝ ասեմ, որ բավականին տգեղ է, երբ իրավապաշտպանները մեդիայի ու հանրության առաջ ազգափրկիչ, իշխանակործան, հուժկու հարվածներ են հասցնում Հայաստանի դատական համակարգին, խոսում անարդարությունից, ձայնը կոպտացնում իրավական բացթողումների մասին խոսելիս, բայց այսքան ժամանակ ոչ մի փաստաբանից չլսեցինք, որ խոսեր զոհված 3 ոստիկանի մասին:
Արդեն հարց է առաջանում՝ ո՞րն է անարդարությունը, ո՞վ է ավելի անարդար:
Հարգելի պարոններ, իսկ սպանվածների համար ո՞վ պետք է դիմի ՄԻԵԴ: Ես խիստ կողմնակալ վերաբերմունք եմ նկատում այս ամենում: Չեմ ուզում հավատալ, բայց անպիսի տպավորություն է, կարծես այս «պոդիումում» փաստաբաններն էլ իրենց մասով են ուզում երևալ, ականջահաճո արտահայտություններ ու շեշտակի մտքեր արտահայտել այս կամ այն երևույթի վերաբերյալ: Կարծում եմ սպանվածների մասով նույնպես ասելիք պետք է ունենայիք հարգելի տիկնայք և պարոնայք: