Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել, երբ բոլորս կնշենք մեր Երկրի Անկախության 25-ամյակը․ կշնորհավորենք միմյանց, ճառեր կասենք, մեդալներ կտան-կստանան ոմանք․․․ սակայն վախենամ, այս քարտեզն այսպես էլ կմնա՝ գլխիկոր կանգնած Երևան-Սևան ավտոմայրուղու աջ եզրին, մոռացված, լքված ու անտեր․․․
Տարեսկզբից սկսած՝ յուրաքանչյուր անգամ, երբ անցնում եմ այս հատվածով, ներքուստ ինձ հուսադրում եմ, որ այս անգամ՝ Ապրիլ 24-ի կապակցությամբ, ապա Մայիսի 9-ի առիթով, լավ, գուցե Մայիս 28-ին կներկեն ու կթարմացնեն այն։ Սակայն՝ ապարդյուն․ այսօր այն դեռ այս տեսքն ունի, այսօր եմ այն նկարել։ Ու բնավ կարևոր չէ, որ ամեն օր այստեղով տասնյակ մարզային ու պետական պաշտոնյաներ են եթևեկում, շտապում իրենց «կարևորագույն» այցելություններին ու հանդիպումներին․․․ կամ Սևան ու Դիլիջան՝ վայելելու «վաստակած» հանգիստը։
Մի բան հստակ է՝ նրանք չեն սիրում մեր Երկիրը, նրանք չեն կրում իրենց մեջ մեր Պետականության՝ իրենց բաժինը, այլապես այն այս տեսքի չէր լինի․․․
Առջևում Սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության (ինձ համար՝ Արցախը ներառյալ) Անկախության 25-րդ տարեդարձը․ հուսամ, սպասում եմ․․․