Quid ergo Athenis et Hierosolymis? Tertullian
Ի՞նչ առնչություն կարող են ունենալ Աթենքն ու Երուսաղեմը... Տերտուղիանոս
Այս հռետորական հարցը վերագրվում է լատին մատենագիր, փիլիսոփա, հռետոր և աստվածաբան Տերտուղիանոսին (155-240թթ.): Անտիկ փիլիսոփայության և հռոմեական իրավունքի մեծ գիտակը, 35 տարեկան հասակում քրիստոնեություն ընդունելով, կտրուկ փոխում է իր դիրքորոշումը փիլիսոփայական գիտության նկատմամբ և դեմ է հանդես գալիս աստվածաբանական հարցերում վերջինիս կիրառելիությանը: Ընթերցենք «Ուղղված հերձվածողներին» («»De praescriptione haereticorum") երկի մի հատվածը.
Quid ergo Athenis et Hierosolymis? Quid academiae et ecclesiae? Quid haereticis et Christianis? Nostra institutio de Portico Solomonis est qui et ipse tradiderat Dominum in simplicitate cordis esse quaerendum. [Viderint] qui Stoicum et Platonicum et dialecticum Christianismum protulerunt. Nobis curiositate opus non est post Christum Iesum nec inquisitione post Euangelium. Cum credimus, nihil desideramus ultra credere. Hoc enim prius credimus non esse quod ultra credere debeamus.
Ի՞նչ առնչություն կարող են ունենալ Աթենքն ու Երուսաղեմը, Ակադեմիան և Եկեղեցին, կամ հերձվածողները և քրիստոնյաները: Մեր ուսմունքը բխում է Սողոմոնի սրբազան գավթից, ով ինքն իսկ ուսուցանում էր, թե Աստծուն պետք է փնտրել սրտի պարզությամբ: Կան այժմ այնպիսիք, ովքեր առաջ են քաշում ստոյիկյան, պլատոնական կամ դիալեկտիկական քրիստոնեության գաղափարը: Բայց մենք այսպիսի տարանջատումների կարիք չունենք, Հիսուս Քրիստոսից և Ավետարանից հետո հավատաքննություն պետք չէ կատարել: Եթե մենք հավատում ենք, ուրեմն կարիք չունենք հավելյալ ապացույցների: Առաջին հերթին մենք պետք է հավատանք, որ չկա մեկ այլ բան, որին մենք պարտավոր ենք հավատալ:
Տեսնում ենք, որ խոսքը կառուցված է հռետորական արվեստի բոլոր կանոնների համաձայն: Տերտուղիանոսը խոսքի սկզբում լեզվական հնարք է կիրառում (parallelism) բառազույգեր կազմելով. մի բևեռում են Աթենք-Ակադեմիա-հերձվածողները, իսկ մյուսում՝ Երուսաղեմ-Եկեղեցի-քրիստոնյաները: Բայց ի՞նչն է այս խիստ հակադրման պատճառը: Հարկ է ասել, որ հատկապես ջատագովական շրջանի քրիստոնյա մատենագիրների ճնշող մեծամասնությունը շեշտում էին քրիստոնեության և փիլիսոփայության համերաշխությունը, ազատորեն կիրառում էին փիլիսոփայությունը հավատքային ճշմարտությունները հիմնավորելու համար: III դարից սկսյալ նորպլատոնականության, ստոիցիզմի և այլ փիլիսոփայական ուսմունքների մեծ ներհոսք է նկատվում քրիստոնեական աստվածաբանության մեջ, ինչին չի կարելի ամբողջովին դրական գնահատական տալ:
Փիլիսոփայությունը սկզբնական շրջանում օժանդակող դեր էր կատարում քրիստոնեությունը հասարակ ժողովրդի միջից բարձրաշխարհիկ և կրթյալ խավին հասցնելու գործում, բայց դարերի ընթացքում հավատքային ճշմարտությունների և դոգմաների փիլիսոփայական հիմնավորումը անասելի խճողում առաջացրեց՝ սկիզբ դնելով անվերջանալի աստվածաբանական վեճերի և բաժանումների: Վստահաբար կարող ենք ասել, որ խավարամտությունը կամ կրոնական ֆանատիզմը չէր Տերտուղիանոսի նման միտք հայտնելու պատճառը: Մտածողը պարզորոշ գիտակցում էր, որ քրիստոնեական վարդապետության ամբողջական տեղափոխումը փիլիսոփայական հարթություն կործանարար ազդեցություն կունենա քրիստոնեության բուն էության և առանցքային գաղափարների վրա:
Տերտուղիանոսի այս մոտեցումն արդարացված է, եթե նկատի ունենանք ներկայիս կացությունը: Քրիստոնեությունը նախքան կրոնի վերածվելը աշխարհ մտավ որպես պարզ և մատչելի քարոզչություն, սակայն քրիստոնեության իսկությանը հասնելու համար XXI դարի մարդն այժմ ստիպված է հեռացնել այդ պարզ իրողությունների ու ճշմարտությունների շուրջ հյուսված փիլիսոփայական, պատմաբանական, մշակութաբանական, հայրաբանական գրվածքների կեղևը: Քրիստոնեությունը իր օրորոցը վերադարձնելու պահանջ է զգացվում և Եկեղեցին պետք է գոնե մի պահ վեր կանգնի իր երկհազարամյա կանոնական, դավանաբական, մեկնողական ժառանգությունից (որոնք, ինչ խոսք, օգտակար են և կիրառելի) և վերագտնի կենդանի հավատի հատիկը, որ դրվել է Քրիստոսի կողմից իր հիմնման ժամանակ:
Ամփոփելով հիշեցնեմ, որ մարդկության պատմության վերջին երկու հազարամյակների ընթացքում փիլիսոփաների ճնշող մեծամասնությունը խորին հավատ են ունեցել և անհաշտություն չեն նկատել իրենց հավատի և փիլիսոփայության միջև: Միևնույն ժամանակ, Եկեղեցու հայրերից և աստվածաբաններից շատերը եղել են իրենց ժամանակի փիլիսոփայական ճաշակ թելադրողները, ուստի չի կարելի ասել, որ փիլիսոփայության և քրիստոնեության համագոյակցությունը չի հաջողվել: Ես համոզված եմ, որ քրիստոնեությունն այնպիսի ունիվերսալ ճշմարտություններ է կրում իր մեջ, որ դրանք կարող է հաղորդել աշխարհին փիլիսոփայական կամ ցանկացած այլ սիստեմների միջոցով, պարզապես նկատի ունենանք Տերտուղիանոսի նախազգուշացումը՝ իսպառ չփիլիսոփայականացնել քրիստոնեությունը:
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/02/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել