Խիղճը մարդկային կարևորագույն արժանիքներից է: Խիղճ ունեցողներ, ուղղամիտներ, ճշմարտախոսներ... Ինչ անուն ուզում եք տվեք, ի վերջո նրանք են դառնում ցանկացած ժողովրդի եւ երկրի իրական պարծանքը: Իսկ կացին բռնողները՝ երբեք: 

Ադրբեջանցի մի գրող, ով պետք է դառնար այդ երկրի պարծանքը, վերջին օրերին հայտնվել է մահվան սպառնալիքի տակ: Եւ այդ սպառնալիքի աղբյուրն անձամբ այդ հետխորհրդային երկրի ավտորիտար նախագահն է: Վերջինս զրկել է գրողին նրան շնորհված «ժողովրդական գրող» տիտղոսից, հետ է խլել պետական պարգեւը, զրկել թոշակից. նրա կնոջն ու որդուն հեռացրել են աշխատանքից:

Գրող, սցենարիստ ու թատերագիր Էքրեմ Էյլիսլին այն ստեղծագործողներից է, ովքեր յուրացրել են Խորհրդային մեծ գրող Մաքսիմ Գորկու քարոզած ժողովուրդների բարեկամության փիլիսոփայությունը դեռ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: Ներկայումս 75 տարեկան է, ամսագրերում եւ թերթերում հրապարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ է, իսկ 2005 թ.-ին ընտրվել է պատգամավոր: Գրական ասպարեզ մուտք է գործել 1959 թ.-ին հրատարակած բանաստեղծությունների գրքույկով, այնուհետեւ դարձել է բազմաթիվ պատմվածքների, սցենարների եւ վեպերի հեղինակ, ադրբեջաներենի է թարգմանել հումանիստ գրողներ Գաբրիել Գ. Մարկեսի, Տուրգենեւի, Չինգիզ Այթմատովի եւ այլոց ստեղծագործությունները: Նրա հեղինակած ներկայացումները բեմադրվել են բազմաթիվ նախկին խորհրդային քաղաքներում, այդ թվում՝ Երեւանում:

Ժամանակին նման երեւույթի մենք ականատես էինք եղել Մարաշում եւ Սեբաստիայում. այսօր էլ նրա տան մոտ է կուտակվում գրողին Լինչի դատաստանին ենթարկելու պատրաստ խաժամուժը: «Վերցրու կացինդ ու արի». ահա այսպիսի կոչով նրանք դիմում են ադրբեջանցի սպա Ռամիլ Սահիբօղլու Սաֆարովին, ով 2004 թ.-ին` հայրենիք վերադառնալուց քսան օր առաջ, Բուդապեշտում կացնով գլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի հետ համատեղ մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղութան» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին:(1) Երբ 2009 թ.-ին Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների միջեւ ստորագրվել էր հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների բացման նպատակ հետապնդող Արձանագրությունը, մի շարք ադրբեջանցի պատգամավորներ շտապել էին մեկնել Անկարա եւ հանդիպումներ ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Քյոքսալ Թոփթանի(2), Ժողովրդա-Հանրապետական Կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի եւ Ազգային Շարժում Կուսակցության նախագահ Դենիզ Բահչելու, ապա նաեւ Արդարություն և Զարգացում Կուսակցության պաշտոնյաների հետ եւ հաջողացրել էին խափանել Արձանագրությունների վավերացումը: Ահա այդ ադրբեջանցի պատգամավորների շարքում էր նաեւ Մելահաթ Իբրահիմ-գըզըն, ով Ադրբեջանի Խորհրդարանում վերջերս ունեցած իր ագրեսիվ ելույթում պնդում էր, թե «իր այս քայլով (Էյլիսլին) վիրավորանք է հասցնում ոչ միայն ադրբեջանցիներին, այլև ողջ թուրք ազգին»՝ սրանով փորձելով Լինչի դատաստանի արշավը տեղափոխել նաեւ Թուրքիա. Ադրբեջանի Խորհրդարանի նիստում նույնիսկ գրողին ԴՆԹ փորձաքննության ենթարկելու եւ Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու կոչեր են հնչում:

Եւ այս բոլորի համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ Ադրբեջանի առաջատար գրողներից մեկը հանդիսացող 75 տարեկան Էքրեմ Էյլիսլու «Stone Dreams» (Քարե երազանքներ) վերնագրով նորավեպը լույս է տեսել ռուսական «Դրուժբա նարոդով» (ժողովուրդների բարեկամություն) գրական հանդեսում: Այն նույնիսկ ադրբեջաներեն չի հրատարակվել: Այն բանից հետո, երբ այս նորությունը հրապարակվեց տեղական մամուլում, գազազած ամբոխը հավաքվել է գրողի Բաքվի տան առջեւ եւ սկսել է այրել նրա գրքերն ու ճակատին խաչ պատկերված նկարկերը՝ վանկարկելով «ամաչիր, դավաճան» կարգախոսը:

Խնդրո առարկա նորավեպի թեման երկու ադրբեջանցի տղամարդկանց պատմությունն է, ովքեր փորձում են բռնարարքներից պաշտպանել իրենց հայ հարեւաններին: Բարեխիղճ ինքնաքննադատության սահմաններում նա անդրադառնում է նաեւ Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերին, որոնք հայ-ադրբեջանական հարաբերություններում թշնամանքով լի մի ժամանակաշրջանի սկիզբը հանդիսացան: Իրականում այս նորավեպն ավարտվել է 2007 թ.-ին, սակայն միայն 5 տարի անց հրատարակվել է ռուսերենով:

Հետաքրքիր է, որ համարյա միաժամանակ հայ գրողներից մեկը նույնպես անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը խղճի տեսանկյունից եւ արժանացել է Ադրբեջանի Հանրապետության մրցանակին: Գրողների միությունը, որի անդամն էր հանդիսանում այս գրողը, վերջինիս դատապարտել է այդ մրցանակը ստանալու (այլ ոչ թե պատմվածքը գրելու) համար, գրողն էլ՝ ի նշան բողոքի, դուրս է եկել այդ կազմակերպության շարքերից: Սակայն նրա դեմ ատելությամբ լի կարգախոսներով հալածանքներ չեն կազմակերպվել, ինչպես դա այժմ արվում է Բաքվում:
Հրապարակախոս Սարգիս Հացպանյանը(3) նշում է, որ հայ գրող Լեւոն Ջավախյանը 2008 թ.-ին հայտարարել է, որ ադրբեջանցիներն իր թշնամին չեն ու գրի է արել «Քիրվա» պատմվածքը: Իսկ Էքրեմ Էյլիսլին, ով 5 տարի անց Լեվոն Ջավախյանի նմանությամբ հնչեցրել է «Հայերն իմ թշնամին չեն» կարգախոսը, ինչի պատճառով էլ հիմա դեմ է առնում Լինչի դատաստանի սպառնալիքին:
Ի պատասխան Արեւմուտքից եւ Ռուսաստանից ստացված հրավերների՝ Էքրեմ Էյլիսլին հպարտ կեցվածք է ընդունում եվ հայտարարում է. «Սա իմ հայրենիքն է, եւ ես չեմ պատրաստվում այն լքել»:
Կոչ եմ անում միջազգային հանրությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերին համախմբե՛լ իրենց ջանքերը Էքրեմ Էյլիսլուն պաշտպանելու գործում եւ թույլ չտա՛լ, որպեսզի կրկնվի Հրանտ Դինքի սպանության պատմությունը:

Ռագըպ Զարաքոլու (4)

(1) 31 օգոստոսի 2012 թ.-ին, երբ Բուդապեշտում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին, Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրամանագրով նրան ներում շնորհվեց, եւ նա նույն օրը ազատվեց կալանքից:

(2) Նույն 2009 թ.-ին Քյոքսալ Թոփթանը, կատարելով ԺՀԿ պատգամավորական խմբակցոըթյան անդամ Շյուքրյու Էլեքդաղի պահանջը, բռնագրավեց եւ հետ ուղարկեց Կոմիտասի Ինստիտուտի կողմից թուրք պատգամավորներին ուղարկված գրքերը՝ չարաշահելով Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի խոսնակի պաշտոնը՝ զրկելով պատգամավորներին տեղեկացված լինելու իրավունքից:

(3) facebook.com/notes/sarkis-hatspanian/kirve/489684637733351

(4) Մարդու իրավունքների եւ Հասարակության պատմության հիմնադրամի հիմնադիրներից: Միջազգային ՊԵՆ-PEN կազմակերպության Թուրքիայի կենտրոնի անդամ եւ Թուրքիայի գրողների արհմիության անդամ: Թուրքիայի Հրատարակիչների Միության եւ Հրատարակությունների ազատության Միջազգային հանձնաժողովի անդամ: Շվեդիայի խորհրդարանի անդամներ եւ GIT Ֆրանսիայի մասնաճյուղի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել