Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանին այժմ քիչ կարելի է տեսնել թե՛ բեմում, թե՛ էկրաններին: Նարինեն ավելի շատ զբաղված է ընտանեկան հոգսերով, բայց կարևորելով երկուսն էլ` դերասանուհին այն շուտով կհամատեղի իր աշխատանքային գործունեության հետ:

- Ամուսնությունից, հատկապես բալիկի ծնվելուց հետո հեռացաք եթերից էլ, բեմից էլ. Ընտանեկան հոգսերո՞վ էր դա միայն պայմանավորված:
- Կարծում եմ` ցանկացած մարդ` լինի կին թե տղամարդ, կյանքի որոշակի փուլերում, բնականաբար, փոխում է իր նախապատվությունները, կյանքի հանդեպ դիրքորոշումները: Այդ առումով ինձ դասում եմ այն երջանիկների շարքին, որ վայելել եմ և՛ ուսանողական բուռն կյանքը, և՛ դրսևորել եմ ինձ իմ սիրած աշխատանքում, ունեմ շատ վառ հիշողություններ աշխատանքային ճամփորդություններից և գիտակցաբար սիրով մտա իմ կյանքի մյուս փուլը, կարելի է ասել` արդեն հասունացած: Համաձայն եմ, որ դադարը մի քիչ երկար տևեց, սակայն չեմ կարող ասել, որ այդ ընթացքում շատ ծանրաբեռնված էի կենցաղային հոգսերով: Պարզապես իմ ընտրությամբ կյանքի այդ փուլում նախապատվությունը գերադասեցի տալ ընտանիքիս և վայելել այն հաճելի պահերը, որ անցկացնում եմ դստերս կողքին: Այժմ արդեն պատրաստ եմ վերադառնալ իմ աշխատանքին, շատ շուտով անակնկալ կունենամ, որի մասին դեռ չեմ ցանկանում խոսել:
- Ձեզ համար կարելի է ասել, որ ընտանեկան կյանքը հաղթեց կարիերային:
- Չէ, չեմ կարող այդպես ասել, սակայն, իհարկե, եթե չունենայի ընտանիք, ողջ ժամանակս, բնականաբար, կտրամադրեի աշխատանքիս, ինչն անում էի մինչ ամուսնությունը: Ես կասեի` մեկը մյուսին լրացնում է, որովհետև երբ ժամանակը գալիս է, ցանկացած կին հասկանում է, որ միայն կարիերայով զբաղվելը սխալ է: Գուցե կան կանայք, որ նախապատվությունը տալիս են կարիերային, բայց, կարծում եմ, կինը լիարժեք չի զգա իրեն միայն անձնական կյանքով կամ միայն կարիերայով, այսպես թե այնպես, անլիարժեքության զգացում կունենա. ինձ մոտ այդպես է: Ընտանիքս կհաղթեր այն ժամանակ, երբ ես լիովին տրվեի դրան, և ասպարեզ դուրս չէի գա: Ես երկուսն էլ համատեղում եմ:
- Այսօր շատ դերասաններ նկարահանվում են նաև սերիալներում. Դուք ինչպես եք վերաբերում դրանց, այդպիսի առաջարկ լինելու դեպքում կընդունե՞ք:
- Ինձ բազմիցս առաջարկվել է հենց գլխավոր դերեր, ուղղակի ժամանակին թերահավատորեն էի վերաբերում սերիալներին. դե, ամեն ինչի սկիզբը մի փոքր վախեցնող է: Հիմա ուրախ եմ, որ դերասանները կարողանում են իրենց մասնագիտությամբ գումար վաստակել: Կարծում եմ` այժմ կհամաձայնեի նկարահանվել սերիալում, սակայն միայն «կարճամետրաժ սերիալում»` 20-25 սերիայից բաղկացած, ինչպես այժմ համաշխարհային սերիալային ձևաչափն է, քանի որ, կարծում եմ, այդպես և աշխատանքն է դառնում հետաքրքիր, և դերասանն իրեն չի սպառում: Բայց, այնուամենայնիվ, մեծ հաճույքով կնկարահանվեի գեղարվեստական ֆիլմում:

- Հաջողված հաղորդավարուհի ու դերասանուհի Նարինե Սուլթանյանը ինչպիսի՞ն է առօրյայում և ընտանիքում:
-Ավելի ճիշտ կլինի` դա հարցնել մտերիմներիցս: Ինքս ինձ այսպես կբնութագրեմ` հանգիստ, հուզական, բայց ավելի շատ ներս գցող: Սակայն պահի տակ կարող եմ լինել ըմբոստ և անգամ ծայրահեղ :)
- Ովքե՞ր են Ձեր ընկերները, ի՞նչպես եք «ընտրում» նրանց:
- Ով ինձ պես է մտածում, կարող է ինձ հոգեհարազատ լինել, իսկ ընկերը մի քիչ այլ բան է. պետք է ամեն առումով նվիրված լինել միմյանց: Ընկերներիս վաղուց եմ ձեռք բերել և այնպես չէ, որ անընդհատ նորերն են հայտնվում իմ շրջապատում: Ունեմ ընկերուհիներ մանկապարտեզից, դպրոցից, որոնց հետ որոշակի ճանապարհ ենք անցել, միասին ենք եղել կյանքի տարբեր իրավիճակներում, դրա համար էլ նրանք առ այսօր ինձ համար թանկ են: Փորձը ցույց է տվել, որ հին ընկերներն ավելի արժեքավոր և ավելի հարազատ են:
- Տարիներ առաջ մեր ամսագրի համարներից մեկում նշել էիք, որ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ մտերիմ ընկերուհիներ եք: Ինչպիսի՞ն են հարաբերություններն այսօր:
- Ես և Նազենին միմյանց շատ լավ ենք ճանաչում: Երևի քիչ մարդիկ կան, ովքեր Նազենիին ճանաչում են այնպես, ինչպես ես, նա նույնպես դա կփաստի: Մենք առ այսօր ընկերներ ենք, ուղղակի ժամանակի բերումով չենք կարողանում շատ հաճախ շփվել: Կապ ունի նաև այն, որ ես արդեն ավելի շատ ընտանեկան կյանքով եմ տարված, ինքը` գործնական: Ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք և շատ լավ ժամանակ անցկացնում: Ինքն իմ շատ թանկ մարդկանցից մեկն է:
- Հե՞շտ եք վստահում մարդկանց:
- Ես շատ ինքնամփոփ մարդ եմ: Ունեմ քույր, ում նաև շատ եմ վստահում. նա է իմ ընկերը: Երբ քույր ես ունենում, առավել ևս` ավագ, ով քո խորհրդատուն և ուղղորդողն է շատ հարցերում, այլևս ընկերուհուհիների հետ կիսվելու կարիք չի լինում: Ընկերուհիներիս հետ հանդիպելիս փորձում եմ ուրախանալ, ոչ թե իմ խնդիրներով ծանրաբեռնել: Սակայն պատրաստ եմ լսել, խորհուրդներով օգտակար լինել, եթե դրա կարիքը կա:
Շարունակությունն՝ այստեղ



