Վերջին շրջանում, ներկա լինելով բազմաթիվ հարսանյաց հանդեսների, միշտ ականատես եմ լինում հետևյալ իրողությունների՝
1. Հարսն ու փեսան, երբ եկեղեցուց դուրս են գալիս, միշտ գլուխները թեքում են, որ հանկարծ չնայեն իրենցից հետո հերթի կանգնած նորապսակ զույգին: Ինչո՞ւ:
Ու այդ տենդենցը նկատել եմ վերջին 5 տարիներին: Հաստատ գիտեմ` առաջ նման բան չկար: Առաջ, երբ նորապսակ զույգը դուրս էր գալիս եկեղեցուց, իրենց հերթին սպասող զույգը մոտենում և շնորհավորում էր, ու շատ գեղեցիկ և հաճելի էր դիտվում այս ամենը: Իսկ հիմա երևի մեկի հարսանիքին ինչ-որ մեկի տատին (նախագահի թեկնածուներին պաչելով դիմավորող տատին) որոշել է, որ դա վատ նշան է, ու չպիտի նայել դիմացի զույգին, ու նրա հիմար մտքի թռիչքը վերածվել է սովորության: Դա արմատացել է մեր մեջ, ու նորապսակները դուրս են գալիս, հայի չուզող հայացքով, գլուխները փախցնելով, գնում են առաջ: Մի խոսքով` չեմ հասկանում:
2.Հարս ու փեսայի ուսերին դրվող լավաշը շատ տեղեր տուն չեն տանում, այլ թողնում են դրսում: Հա բայց ինչի՞ համար, մի օր մեկին հարցրի, պատասխանեց, թե թողնում են, որ ծտերն ուտեն... Հա, հացը տարեք տուն, որ այդքան մտածում եք ծտերի մասին, ցորեն գցեք, ոչ թե հացը:
3.Հարսանիքի տորթն իրար երես քսելը: Ախր ինչի՞ եք ամեն տեղից վատն ընդօրինակում:
4.Հարսի ծաղկեփունջ գցելուց հետո փեսան էլ եսիմ ինչ է գցում, մի տեղ բանան, մի տեղ զուգագուլպայի ինչ-որ բաղադրիչ, մի տեղ մանդարին, մեկ է չեմ հասկանում դրա իմաստը:
5.Ամենաքննարկված հարցը՝ «կարմիր խնձոր»: Ես ինքս էլ կողմնակից եմ հարսնացուի կույս լինելուն, բայց ի՞նչ իմաստ ունի՝ ինտիմ խնդիրը քննարկվի շենքաթաղային տարբերակով: Եթե հարսնացուն կույս է, ի՞նչ իմաստ ունի շահարկել, իրեն հարգող նորմալ տղան պիտի մտածի «բա տենց էլ պիտի լիներ, ուրիշ տարբերակ չէր էլ կարող»: Եթե կույս չէ, ի՞նչ իմաստ ունի մեկ անգամ էլ ամբողջ թաղին ծիծաղեցնել ձեզ վրա: Վերջին 20 տարում ես չեմ տեսել գոնե մեկ դեպք, որ հարսին հաջորդ օրը տանից հանած լինեն կույս չլինելու պատճառով: Չգիտեմ կարող է սրանք մանրուքներ են կամ տարօրինակ չեն, բայց ցանկալի կլիներ՝ սին մտավախությունների հետևից չընկնենք:



