Քաղաքական դաշտում հարաբերական դադար է: Անկեղծ ասած, ներքաղաքական դաշտում սուբյեկտների առողջ առճակատման առումով վաղուց է դադար հաստատվել: Թերևս, իրադարձություններ են բերում, ժամանակ առ ժամանակ, ինտրիգների, վերջիններս էլ հիմնականում արտահայտվում են իշխանության ու հանրության որոշակի խմբերի անհամաձայնությունների տեսքով:
Այսչափ ամայացած իրավիճակում, երբ ընդդիմադիր բևեռ որպես այդպիսին չկա, իշխանությունն էլ հանրության մի զգալի հատվածի շրջանում հեղինակություն չի վայելում, մեծ է ռադիկալ գործողությունների ռիսկը:
Ճիշտ է, հռետորների պակաս չկա ասպարեզում, բայց վերջիններիս ակնհայտ թերություններն էլ ավելի են ջախջախում, փոշիացնում ընդդիմադիր ռեսուրսները:
Զավեշտալի է, երբ բեմահարթակ է բարձրանում քաղաքական իմաստով ժամկետնանց Հայրիկյանը, Փաշինյանն իր` մի քանի հարյուր հոգու հայտնի կուսակցությունն անվանում է համար մեկ ընդդիմություն Հայաստանում, Օսկանյանը փորձում է փողոցում պայքարող ակտիվիստի կերպար ստեղծել, դե պահի տակ բարձրախոսին տիրացող փողոցային կերպարների մասին էլ իմաստ չկա գրել...
Տարօրինակ է հատկապես Փաշինյանի վարքագիծը: Եթե մյուսներն էն գլխից էլ հույս չէին ներշնչում, ապա, ընդհանուր առմամբ, վատ ստարտ չհաղորդած Փաշինյանն անհասկանալի է` ինչու որոշեց փնովել, վարկաբեկել մյուսներին: Ակնհայտ է, որ Փաշինյանի կուսակցությանն ավելի քիչ մարդ է ճանաչում, քան օրինակ «Սնիկերս» ապրանքանիշին կամ «Հավանա» ռեստորանային համալիրին:
Այս իրավիճակում նորաբաց ու դեռևս զարգացման փուլում գտնվող կառույցին անվանել համար մեկ ընդդիմություն կամ խելագարություն է կամ դիտավորություն: Թե ինչ է շահում Նիկոլը` նսեմացնելով ընդդիմադիր բևեռն ու արգելափակելով հնարավոր օպոզիցիոն միությունները, կիմանա միայն ինքը: