Lurer.com-ը գրում է.

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Անցած նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվել էր՝ այս անգամ, որպեսզի դատավոր Հարություն Մովսիսյանը կայացնի որոշում դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունների առնչությամբ: Դատական հաջորդ փուլին անցնելու հա մար անհրաժեշտ է դատավորի այս միջնորդության որոշումը: Ի դեպ, այս միջնորդությանը միացան նաեւ Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները:

Խոսքը վերաբերում է նախ՝ Պերմյակովի ռուս իրավաբանների կողմից առաջին հարցաքննության արձանագրությունը: Ըստ դատապաշտպանի և փաստաբանների այս դեպքում արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին` պաշտպանին (Թամարա Յայլոյան) քննչական կողմը հրավիրելու իրավունք չուներ« երկրորդ` ըստ գործող օրենքի`ռուսական կողմի հարցաքննության ժամանակ, այդ փուլում, իրավունք չուներ ներկա գտնվելու հայ պաշտպանը: Դատապաշտպանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց` անթույլատրելի ապացույց համարելու նաեւ Պերմյակովի անձնական խուզարկության արձանագրությունը. սահմանին, խուզարկության արդյունքում, Պերմյակովի մոտից հայտնաբերված իրերը առգրավվում են, ապա ձերբակալման ժամանակ պարզվում է, որ առգրավված իրերը նորից առգարվվում են: Վարչական ձերբակալման ժամանակ արդեն իսկ այս առարկաները հայտնաբերվել են ՝ դրա վերաբերյալ կան նաեւ փաստաթղթեր:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետեւ` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել