Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթին, որտեղ նշել է, թե նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է:
Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով հարցին, թե նախատեսվում է կառավարության հրաժարական, նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում և դեռ որոշում չկա. «Բայց դա չի նշանակում, որ պետք է բոլոր գործողներից ազատվել և նշանակել նորերին, և չի նշանակում, որ բոլոր գործողները պետք է մնան և աշխատեն: Ավելի լայն քննարկումների արդյունքում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, այնպիսի կառավարություն, որը ընկալելի կլինի հանրության կողմից»:
Նա նաև նշեց, որ ընդհանրապես հանրության մոտ բավականին դժգոհություններ կան և մտահոգող խնդիրներ, իշխանությունը պարզապես պարտավոր է հետևություններ անել:
-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է նշանակում ազգային համաձայնության իշխանություն, և դա արդյո՞ք ենթադրում է կառավարության հրաժարական:
-Նախագահի այդ ելույթի հիմքում ընկած էին սահմանադրական բարեփոխումները, և դա նոր եզրույթ չէ, որ օգտագործվում է, իսկ Նախագահն իր ելույթի ժամանակ ավելի կոնկրետացրեց: Այդ կոնցեպտը կմշակվի և լայն քննարկումների արդյունքում կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն և իշխանություն, իսկ մնացած հարցերը մշակման ենթակա խնդիրներ են, որոնց կանդրադառնանք ապագայում, դա, բնականաբար, չի նշանակում հրաժարական: Ավելի մանրակրկիտ մենք կոնցեպտը մշակելուց հետո կհաղորդենք հանրությանը և լրատվամիջոցներին:
-Այսինքն՝ նույն մարդկանցով այլ որակ և համակա՞րգ է լինելու:
-Քննարկումները ընթացքի մեջ են, և հիմա որոշում չկա, բայց դա չի նշանակում, որ պետք է բոլոր գործողներից ազատվել և նշանակել նորերին, և չի նշանակում, որ բոլոր գործողները պետք է մնան և աշխատեն: Ավելի լայն քննարկումների արդյունքում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, այնպիսի կառավարություն, որն ընկալելի կլինի հանրության կողմից:
-Որքանո՞վ է իշխանությունը մեղավոր ՊՊԾ գնդում կատարված իրադարձությունների առումով և ի՞նչ դասեր է իշխանությունը քաղել այս ամենից:
-Բնականաբար, յուրաքանչյուր երևույթից հետո, առավելևս այս երևույթից հետո, իշխանությունը դասեր է քաղում և դեպքի հետ կապված կլինեն պարզաբանումներ, կկատարվի հետաքննություն, թե ինչու չի կանխվել: Իսկ մնացած գործողությունները, որոնք կատարվել են, դրանք կատարվել են պրոֆեսիոնալ մակարդակով: Իրոք անսպասելի էր, որ նման տիպի հանգուցալուծում կարող էր լինել, իհարկե մենք ցավում եք բոլոր զոհերի համար, լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված և այդ ամենը քննարկման առարկա են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



