21-րդ դարի սկզբում, երբ զարգացում էին ապրում թվային տեխնոլոգիաները, այսինքն ի հայտ էին եկել ինտերնետն ու էլեկտրոնային մամուլը տպագիր թերթերի սպառման ծավալները դրանց արդյունքում որոշակիորեն տուժեցին: Սա տրամաբանական էր, քանի որ ինչու՞ վճարել նորություններին ծանոթանալու համար, եթե կարելի է դրանք թվային տիրույթում ընթերցել անվճար:
Այնուամենայնիվ սա միանշանակ չէ: Էլեկտրոնային լրատվականների ի հայտ գայլուց հետո, թերթերը որոշակիորեն փոխել են իրենց աշխատանքի «ֆորմատը» և ամենօրյա տրամադրող կոնտենտով փորձում են տարբերվել օնլայն ինֆորմացիոն հոսքերից: Իհարկե կարող ենք ենթադրել, որ տպագիր մամուլը կամաց-կամաց իր տեղը զիջում է էլեկտրոնայինին, իսկ դրա միջին վիճակագրական ընթերցողի տարիքը գնալով մեծանում է: Դրա համար բավարար է տեսնել տպագիր թերթերի սպառման ծավալները մինչև ինտերնետի համատարած հասանելիության էրան, համեմատել դրանք այսօրվա ծավալների հետ ու կարելի է փաստել, որ վաճառքի ծավալները զգալի անկում են գրանցել: Օրինակ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1985-1990 թվականներին Ամերիկայի Միացյալ նահանգներում օրական թերթերի վաճառքի շրջանառությունը տատանվել է 62.3 միլիոնից 62.7 միլիոն տպաքանակի սահմաններում: Իսկ 2014-ին նվազել է մինչև 40 միլիոն:
Արդյոք սրանից կարելի է եզրակացնել, որ մարդիկ ավելի շատ օգտվում են էլեկտրոնային մամուլից քան գնում են թերթեր: Աշխարհահռչակ մի շարք պարբերականների օրիանակով իրականացրած ուսումնասիրությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Օրինակ 2015 թվականի մարտ ամսից մինչև 2016-ի ապրիլ ամսվա տվյալներով բրիտանական Daily Star պարբերականի տպագիր հասանելիությունն ավելի մեծ է քան էլեկտրոնայինը: Պարբերականն այդ ընթացքում ամսական միջինով ունեցել է 1.62 միլիոն ունիկալ այցելու, իսկ տպագիր տարբերակի հասանելիությունը եղել է 2.8 միլիոն ինդիվիդուալ հասանելիություն:
Նույնը կարելի է ասել the Sunday Times թերթի մասին: Տպագիր տարբերակը 6.2 միլիոն, իսկ էլեկտրոնայինը՝ մոտ 1 միլիոն ունիկալ հասանելիություն:
Թեպետ մեր օրերում ավելի հարմար է օգտվել այս կամ այն ծառայության թվային տարբերակից, այնուամենայնիվ ինֆորմացիայի փոխանցման դասական տարբերակներից մեկը՝ տպագիր թերթը, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում շարունակում է մեծ պահանջարկ ունենալ: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ էլեկտրոնային կայքում ու թերթում տպվող հոդվածները նույնաբովանդակ չեն ուստի չեն կարող միմյանցից գողանալ ընթերցողներ:
Կրկին ԱՄՆ-ի օրինակով կարելի է տեսնել, որ տպագիր և էլեկտրոնային թերթերի գովազդներից գոյացած բյուջեն նույնպես միմյանցից խիստ տարբերվում է: Եթե մենք նայենք 2003 թվականից 2015 թվականի ցուցանիշները, կտեսնենք, որ ինտերնետի հասանելիության մեծացման հետ զուգահեռ, օնլայն գովազդային տիրույթից ստացած եկամուտները չեն գերազանցել տպագիրին:
2003 թվականին ԱՄՆ-ում տպագիր օրաթերթերի գովազդային տիրույթից ստացած եկամուտը կազմել է 44.9 միլիարդ դոլար: Հասկանալի պատճառներով էլեկտրոնային լրատվական կայքերի գովազդային տիրույթից ստացած եկամուտը կազմել է 1.2 միլիարդ: Սա ենթադրում եմ, որ կարող է կապված լինել ինտերնետի սահմանափակ հասանելիությունով: Բայց ինչպես հասկանալ այն, որ 2014 թվականին տպագիր թերթերից գոյացած գովազդային եկամուտը 13.3 միլիարդով գերազանցում է էլեկտրոնայինին: Սա իր բազմաթիվ բացատրություններն ունի, սակայն ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ տպագիր մամուլը ԱՄՆ-ում գովազդատուների համար շարունակում է լինել կարևոր հարթակ: Իսկ մի՞թե գովազդատուն կօգտագործեր տպագիր մամուլի գովազդային տարածքը, եթե դրանց սպառման ծավալները փոքր լինեին ու պահանջարկ չունենային: Սրանից կարելի եզրակացնել, որ այնուամենայնիվ. որպես ինֆորմացիոն կրիչ թերթերը շարունակում են մեծ պահանջարկ ունենալ: