Մեկն ասում է՝ ապստամբություն էր: Մեկ ուրիշը, թե՝ հեղափոխություն: Երրորդն էլի մի բան կգտնի: Դե, քննիչների, քննության, իրավաբանների ու փաստաբանների մասին չեմ խոսում, օրենքները կքրքրեն, կասեն կամ արդեն ասել են, թե՝ որ հոդվածով ու ինչ: Հա, ապստամբության պես մի բան ծրագրված եղել է, այլապես ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո ինչո՞ւ էին հայտարարություն տարածում, կոչեր անում: Կամ օրեր անց ինչո՞ւ էր Պավլիկ Մանուկյանն ասում, թե՝ դրսից գրոհի են սպասում, այսինքն՝ որ ցուցարարները գան, հասնեն գրավված գնդի տարածք: Կամ Չուգասզյանն ի՞նչ դիմադրությունից էր խոսում: Կամ՝ էս ու էն: Դա թող քննողները քննեն:
Փաստն էն է, որ ապստամբություն էլ չեղավ, չնայած, շատերի մեջ շատ բան փոխվել է: Չգիտեմ, ուզում եմ հավատալ, որ փոխվել է:
Իսկ իմ կարճ խելքով, ըստ էության դա հուսահատ մարդկանց ոգու ճիչ էր (այս բնորոշումն էլ կա), գոնե կոնկրետ ազատամարտի այն մասնակիցների դեպքում, որ իրենց ցավն ու խոսքը բոլորին լսելի դարձնելու համար սեփական երկրի, սեփական պետության մեջ զենք էին վերցրել ու գնացել ուրիշ հայ մարդկանց վրա՝ զենքի ուժով հարց լուծելու: Ողբերգություն է սա: Անհատների ողբերգություն: Պետության ողբերգությունը: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ու ենթասպա Յուրի Տեփանոսյանի՝ անհեր մնացած վեց զավակների ողբերգությունը: Այս օրերին վիրավորված ու խեղված մարդկանց ողբերգությունը: Ո՞ր մեկն ասես…
Ու այն, ինչ եղավ, էլի՝ իմ կարճ խելքով, ուղղակի հարված էր պետությանը, էս մեր վերականգնված անկախությանը, որ շուտով 25-ամյակը կբոլորի: Թող ամեն մեկն իր «զանգակատնից» գնահատի: Ես իմից ոնց նայում եմ՝ դա անելու բան չէր, մանավանդ, հենց էս ժամանակահատվածում, երբ քիչ չեն նրանք, որ կուզենային Հայաստանին էլ ավելի ճնշելու տեղ ունենալ, ինչքներդ էլ հրաշալի հասկանում եք, թե ի՛նչ պոկելու համար: Ցանկացած դեպքում, էս ամեն ինչից մենք, որպես պետություն, որպես հասարակություն, չուժեղացանք: Հակառակը՝ թուլացանք:
Հա՛, զուտ մեզանից է կախված, թե կկարողանա՞նք էս փորձությունից ուժեղ կամ ուժեղացած դուրս գանք: Էհ, իսկ եթե չկարողանա՞նք: Իսկ եթե իրարուտոցին է՛լ ավելի խորանա, իսկ եթե իշխանությունները, առհասարակ՝ քաղաքական ուժերը էդպես էլ անհաղորդ մնան էս ծանր ու արյունոտ ահազանգին: Իսկ ու եթե…
Կատարվածին իմ առաջին արձագանքներից մեկն այն էր, որ սա դավաճանական հարված է: Ընդունում եմ, որ միգուցե չափից ավելի խիստ ու հենց չափազանցված բան եմ ասել: Եվ, եթե իմ այդ արտահայտությամբ վիրավորել եմ որևէ մեկին, ապա ազնվորեն ու անկեղծ ներողություն եմ խնդրում՝ խոսքով ցավ պատճառելու համար: Ինչ վերաբերում է ինձ հասցեագրված չար ու վատ արտահայտություններին, ապա ես էլ դրանց հեղինակներին եմ ներում՝ ծանոթ, թե անծանոթ: Ավելին, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ ձերբազատվեք ձեր միջի չարությունից: Գոնե՝ ինքներդ ձեր մասին մտածելով, ձեզ համար՝ ձերբազատվեք…
Բայց նույնիսկ էդ արտահայտությունն անելիս, ես էլի կոնկրետ մարդկանց «կպնելու» կամ պիտակելու մտքով չեմ ասել, այլ նկատի եմ ունեցել հենց այն, որ կատարվածը հարված է պետությանը: Որովհետև էդ պետություն ասվածը ինձ համար նույնպես ընդամենը բառ չի: Որովհետև էդ պետությունն ունենալու համար մենք չափից ավելի երկար ու չափազանց թանկ ենք վճարել: Հա, սա հարված էր պետությանը, անկախ այն բանից, թե ով ում ոնց է վերաբերվում:
Բայց այդ հարվածը հասցրած խմբի տղաներին, լինի՝ Պավլիկ Մանուկյանը, լինի Արայիկ Խանդոյանը, լինեն մյուս կռված տղերքը… ես ոչ մի դեպքում դավաճան չեմ համարել ու չեմ համարում: Ո՛չ մի դեպքում: Չի՛ կարող Հայրենիքի պաշտպանության, Արցախի ազատագրման համար կյանքը դրած մարդը դավաճան համարվել, մանավանդ, որ դրանից տասնամյակներ անց, իրենց այս զենք վերցնելով հռչակած պահանջներից մեկն էլ Արցախի ազատագրված տարածքները չզիջելու հրամայականն է...
Բայց: Ախր էնքան «բայց» կա:
Հերթով պիտի գոնե ասվի: Չգիտեմ, գուցե նրանք ինչ-որ ուժերի ձեռքին հարմար գործիք են դարձել (արտաքին հետքեր փնտրողները նման բաները լավ կիմանան կամ կմեկնաբանեն): Իսկ գուցե ոչ մի նման բան էլ չկա և ընդամենը «խաղացել» են ազնիվ մարդկանց նվիրական զգացմունքների հետ, թե՝ «ձեր պահած-պաշտպանած-ազատագրած Ղարաբաղը ծախում են…» (էս տարիներին էնքա՜ն են «ծախել», որ էլ ասելու չէ): Հնարավոր է, որ հենց իրենք են նման հետևության հանգել ու՝ «պիտի մի բան անել, էսպես չի լինի» տարբերակով «մի բանը» արեցին:
Պավլիկ Մանուկյանը՝ Ապարանցի Պավլիկը Զինվոր է: Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը՝ Զինվոր է: Նրանք քաղաքական գործիչ ու քաղաքագետ չեն: Ու իրենց ընկերներն էլ՝ չեն, դրանից բխող հետևություններով ու հետևանքներով: Գոնե մի անգամ նման մի բան մեր էս ջահել պետականության մեջ արդեն եղել է… Ովքեր հիշում են, կհիշեն «Վահան Հովհաննիսյան + 30» գործը: Իսկ էդ «գործի» «+30»-ի մեջ Արցախի ազատամարտից քաջ հայտնի «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էր ու իր մարտական ընկերներից շատերը…
Իսկ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» միջից թերևս միայն Վարուժան Ավետիսյանն է, որ մի երեք տարի առաջ, գնդապետի կոչումով զորացրվելով ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից (աշխատել է 2008-2013թթ.), հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել...
Ինձ համար ամենակարևոր «բայց»-երից մեկն այն է, որ ոնց էլ նայում եմ՝ մենք ենք մեղավոր: Մենք՝ բոլորս: Մեղավոր ենք այն բանի համար, որ այնպես չենք ապրել ու այնպիսի վիճակ չենք ապահովել, այնպիսի պետություն չենք ստեղծել, որ օրինակ, Արայիկ Խանդոյանը իր պահած երկրի մեջ զենք չվերցնի: Այն բանի համար, որ նրա մայրը, ընտանիքը նպաստ ստանալու կարիք է ունեցել: Այն բանի համար, որ երեք ամիսը մեկ պիտի մի հատ էլ էդ նպաստի համար ինչ-որ անհոգի չինովնիկների դռները մաշեին:
Հա, մի օրվա մեջ ու արագորեն 30 հազարից ավելի դոլար հավաքվեց՝ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար: Լա՛վն ենք: Բայց մեղավոր ենք: Նեղացրել ենք մարդկանց: Ու միայն այս մարդկանց չէ: Իրենց պաշտպանած պետության մեջ ենք նեղացրել մարդկանց, որ եթե զոհված լինեին, շատերը կասեին՝ հերոս է, ու դեռ մի բան էլ կհպարտանային, գուցե ուտուշ-խմուշի ժամանակ կենաց էլ ասեին ու… գնային իրենց բանին:
Նեղացրել ենք: Բայց հարցը անձնական չէ: Ժամանակին նրանք իրենց անձնականի համար չեն գնացել, ու հազիվ թե՝ հիմա իրենց անձնական վիճակից են մղվել: Չէ՜: Էս էդ դեպքը չի:
Ընդհանուր անարդարությունը շատ է: Չափից ավելի շատ՝ մեր նման փոքր երկրի համար: Չափից ավելի շատ…
Ես չեմ արդարացնում այն, ինչ արվեց: Մանավանդ, որ դրանից անարդարությունը չքչացավ, եղած խնդիրները չքչացան ու չը-չքվեցին: Չեմ էլ ընդունում ձայնարկությունները, թե՝ «այլ ելք չի մնացել»: Մարդիկ, որ զենքի էին դիմել, հնարավոր է, իրենք կոնկրետ այլ ելք չեն տեսել: Բայց երբ մյուսները, արածի վրա «հարմար ալիք» տեսնելով միտինգ են անում ու ասում «այլ ելք չի մնացել», կներեք, չեմ հավատում: Եթե անկեղծ համարում են՝ «այլ ելք չկա», ապա այդ ժամանակ ոչ թե վազում են Հայաստանի վրա թարախ շնչող ադրբեջանական սայթին հարցազրույց տալու, այլ (չկրկնեմ, էս օրերին մի 10 անգամ ասել եմ արդեն)…
Համենայն դեպս, երբ «այլ ելք չկար» ասողների մեջ վերջին կես տարվա մեջ բացված 3-4 հատ նոր կուսակցությունների ներկայացուցիչներն են, ես տեղ ունեմ իրենց ասածին չհավատալու:
Վատն այն է, որ հերթական անգամ, բոլոր հնարավորություններն ունենալով՝ խուսափել ողբերգությունից, հերթական անգամ չխուսափեցինք: Վատն այն է, որ խնդիրներ ենք կուտակում, առանց՝ լուծումներ կուտակելու: Իսկ երբ այդքան կուտակում ու ստանում ես խրթին խնդրագիրք, մի տեղ մի բան անպայման «դուրս է գցում»:
Լուծումներ կուտակելու ժամանակն է: Կուզեք, ասեք՝ «քարերը հավաքելու ժամանակն է»: Ոնց ուզում եք՝ ասեք, բայց՝ ժամանակն է: Իսկ իրար ուտելն ու քարուփետով իրար գլուխ ջարդելը աններելի ճոխություն է ու դա լուծում չէ:
Ասում են՝ «հայի հետին խելքը»: Ասում եմ՝ գոնե «հետին խելքով» խելք բանեցնենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1110980318976387?notif_t=close_friend_activity¬if_id=1470149316747253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել