«Եկեք խոսենք իրար հետ, - ասում է Տերը» (Ես. 1.18) կարդում ենք այսօրվա ընթերցվածքում: Մեծ պահքը իբրև մեր հոգևոր կյանքի կարևոր մի ժամանակաշրջան սկսվում է Աստծու հրավերով` Իր հետ երկխոսություն սկսել, որովհետև այդպես է, որ ծնունդ են առնում ճշմարիտ պատասխանները, որոնք ունակ են կերպարանափոխել կյանքը ոչ թե ըստ մեր կամքի, այլ տերունապատվեր արդարության և ճշմարտության: Աստծու հետ հաղորդությունն ու զրույցը ճանապարհ են դեպի փրկություն և հավիտենական կյանք: «Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1.19): Ավելի մեծ բանալի՞ ենք ուզում մեր կյանքի բարեկեցության համար, քան այս խոստումը: Տերը մարգարեի միջոցով դեռևս ն. Ք. 8-րդ դարում մարդ արարածին հուշում է, թե ինչպես նա պետք է վարվի իր կյանքում, որպեսզի ճաշակի երկրային բարիքները, այսինքն` երկրային կյանքում իսկ արժանանա տերունական օրհնության. «Լվացվեցե´ք, մաքրվեցե´ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե´ք ձեզնից, վե´րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեցեք բարի´ք գործել, արդարությո´ւն փնտրեցեք» (Ես. 1.16-17): Սա այն է, ինչ Տերն ակնկալում է մեզանից պահքի սեմին: (հատված «Օրվա խորհուրդը. Մեծ պահքի ամենօրյա խորհրդածություններ» իմ գրքից)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/488861751177109
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել