Այս օրերին տեղի ունեցածը խորը վերլուծությունների ու հետևություններ անելու տեղիք է տվել: Գլոբալ առումով շատերի համար ակնհայտ են այն խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում, բայց այս դեպքերը լրացուցիչ անգամ ընդգծեցին դրանք:

Նախ պետք է նկատենք, որ 2017 թվականի Խորհրդարանական ընտրություններին համարյա ոչինչ չի մնացել: Դեկտեմբերին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո, խորհրդարանական ընտրությունները երկրի համար ունեն առաջնային կարևորություն և կուսակցությունները փութաջանորեն պատրաստվում են 2017-ի ընտրություններին:

Մինչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, նախ հարկավոր է գնալ արմատական փոփոխությունների: Քանի դեռ ուշ չէ, պետք է շարժվել, այլապես ամեն ինչ էլ ավելի կբարդանա: Իշխող կուսակցությունը պետք է գիտակցի, որ առնվազն ընտրություններին պետք է ներկայանա նոր գաղափարներով, նոր դեմքերով: Համաձայն եմ ժամանակահատվածը չափազանց կարճ է, սակայն պետք է հասկանալ, որ այս իրավիճակը բախտի քմահաճույքին թողնել չի կարելի: Հակառակ դեպքում գրավվելու են նոր զորամասեր, լինելու են ավելի սուր բախումներ, իսկ դրանք պարզապես երկիրը շեղելու են զարգացման բնականոն ուղեծրից: Վստահ եմ, որ դա չի բխում ոչ մեկի շահերից:

Այս խնդիրները այսօր իշխանության համար նույնպես ակնհայտ են: Դրա մասին է վկայում նախագահի այսօրվա հայտարարությունը, որի ժամանակ անդրադարձ էր եղել իրավապահներին, պետական կառույցների աշխատանքներին, թույլ տված բացթողումներին, ինչպես նաև բարեփոխումների անհրաժեշտությանը: Ամեն դեպքում, պետք է սպասել ու տեսնել, թե կոնկրետ ինչպիսի գործնական քայլեր են կատարվում այդ ուղղությամբ: Ժամանակը, կարծում եմ, կպատասխանի բոլոր հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել