Մեկ տարի է, ինչ Վրաստանը քննարկում և առանձնահատուկ շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից Հայաստանի տարածքով գազ ստանալու հարցում: Վրաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր գազի ստացման աղբյուրները: Այս ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի տապալվի Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան գազ հասցնելու ծրագիրը. նույնիսկ հավելյալ գազ և արտոնյալ պայմաններ է առաջարկել Վրաստանին:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի առաջարկները հետ չպահեցին Վրաստանին իրանական գազ ստանալու ցանկությունից, իսկ Իրանը ընդառաջ գնաց վրացական կողմի առաջարկներին: Դրա մասին է վկայում Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հայտարարությունը, թե Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին: «Իրանը վրացական մի գնորդ կազմակերպության հետ փորձնական պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում ՀՀ-ի տարածքով փոքր քանակությամբ իրանական գազ կարտահանվի Վրաստան»,- հայտարարել է իրանցի նախարարը` ակնարկելով, թե Հայաստանը կարող է կարևոր ուղի բացել իրանական գազը արտահանելու համար։ Այս հարցում առանձնահատուկ պահ է այն, որ Իրանը Հայաստանին դիտարկում է էներգետիկ առումով տարանցիկ հնարավորություն ունեցող երկիր, որը հետագայում կարող է դառնալ տրանզիտային երկիր իրանական գազը ոչ միայն դեպի Վրաստան, այլև այլ երկրներ հասցնելու գործում:
Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչև հաջորդ մարտ (իրանական օրացուցային տարվա ավարտը): Իրանը նախատեսում է, որ 2018թ. վերջին Հայաստան առաքվող գազի ծավալները երեք անգամ ավելացնել, օրական 1 մլն. խմ.-ից հասնելով 3 միլիոնի խ/մ ծավալի: Իրանական գազը Վրաստան հասցնելու համար նոր գազատար կառուցելու կարիք չկա և Իրան-Հայաստան գազատարը, որի թողունակութոյւնը հասնում է 2,2-2,3 մլրդ խորանարդ մետրի, լիովին բավարար է Վրաստանին գազ հասցնելու համար:
Նշենք, որ Հայաստանի տարածքով Վրաստանին իրանական գազամատակարարումը կարող է նոր նախադրյալներ ստեղծել նաև Վրաստանին իրանական նավթ և այլ էներգոռեսուրսներ տրամադրելու համար: Մեծանում է Հայաստանի դերակատարությունը` որպես էներգետիկ տարանցիկ երկիր դառնալու ճանապարհին: